Երևանից մարտահրավեր Մեհրիբան Ալիևային





Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ՝ «մուղամ լսելու», ինչի մասին երազելու վերաբերյալ Ալիևան օրերս գրառում էր արել «Տելեգրամի» իր էջում: Աննա Հակոբյանը հայտարարել է, որ արցախցիները գիտեն հյուր ընդունել և կարող են պատվել նաև նրա նախընտրած երաժշտությամբ, եթե Ալիևան պատրաստ է լինել Արցախի հյուր՝ որպես հարևան, բարիդրացիական հարաբերության պատրաստ:



Հակոբյանը նաև խոսել է եվրոպական պատմության մեջ արյունալի պատերազմ տեսած ազգերի ու ժողովուրդների հետագա միասնական կյանքի ընթացքի մասին՝ ասելով, որ ցանկության դեպքում համատեղ խաղաղություն կարող են կերտել նաև հայերն ու ադրբեջանցիները: Միևնույն ժամանակ, Աննա Հակոբյանը նշել է, թե՝ եթե Մեհրիբան Ալիևան «երազում» է Արցախում մուղամ լսել պատերազմի ճանապարհով, ապա նա մոլորության մեջ է, և այդ ճանապարհով Արցախ գալու դեպքում Ադրբեջանի համար կավելանան այն բնակավայրերը, որտեղ նրանք «կերազեն մուղամ լսելու» մասին:

Մեհրիբան Ալիևան Ադրբեջանում այժմ կարծես թե անցնում է իշխանության գալու, ավելի շուտ՝ առաջին փոխնախագահի պաշտոնից նախագահի պաշտոն ընկած ճանապարհը: Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հավանության է արժանացրել խորհրդարանը լուծելու Իլհամ Ալիևի դիմումը: Ադրբեջանը հայտնվել է ռազմա-քաղաքական ցուգցվանգում, որից ելք է փնտրվում առաջին դեմքի փոփոխության միջոցով:



Այդ իրավիճակն ընդհանուր առմամբ բխում է Հայաստանի շահից՝ ներառյալ բնականաբար Արցախը, և ոչ միայն բխում է հայկական շահից, այլ նաև գործնականում հայկական իրականության մեջ տեղի ունեցող կարևոր փոփոխությունների հետևանք է, որոնց մեկնակետը 2016 թվականի Ապրիլյան քառօրյայում բանակի և հանրության միասնական կուռ դիմադրությունն էր: Բախվելով դրան, Բաքուն հայտնվեց այդ ցուգցվանգում: Ադրբեջանը առնվազն ստիպված է խոսել խաղաղության լեզվով, եթե անգամ դա պետք է անի մեծ դժկամությամբ և պատերազմը մտքից չհանելու պայմաններում:

Եվ այդ իմաստով, Ադրբեջանի առաջին տիկնոջը Երևանից հղվում է իսկապես էական մարտահրավեր՝ Արցախ այցի, խաղաղության լեզվով խոսելու իմաստով: Մեհրիբան Ալիևայի իշխանությունը Բաքվին ցուգցվանգից դուրս բերելու տարբերակն է, ինչը ներկայումս պետք է թե՛ հայկական կողմին, թե՛ միջնորդ համանախագահներին, և այդ հարցում կա Հայաստան-Արցախի ու համանախագահների ընդհանուր շահը, միաժամանակ նաև յուրաքանչյուրի համար առանձին որոշակի անհրաժեշտություններ: Հարցն այն է, թե դուրս բերելով ցուգցվանգից, ի՞նչ իրավիճակում ենք դնում Ադրբեջանը:



Այդ իմաստով խաղաղության «չելենջը», որ ուղղվում է Մեհրիբան Ալիևային, նրա համար մի կողմից հնարավորություն է, մյուս կողմից՝ լրջագույն դիլեմա: Որովհետև, մերժելով խաղաղության լեզուն, Ադրբեջանի առաջին դեմք տանող ճանապարհով անցնող Մեհրիբան Ալիևան այդ կարգավիճակում հայտնվելուց հետո ունենալու է այդ մերժման լրջագույն հետևանքը: Մյուս կողմից, ընդունելով խաղաղության լեզուն, Ադրբեջանի առաջին տիկինը հայտնվելու է իհարկե դրա առաջ, դրա հանդեպ պատասխանատվության ներքո: Դա, իհարկե, նրա համար լուրջ մարտահրավեր է Ադրբեջանի ներսում հանրային տրամադրությունների հետ հարաբերվելու առումով:



Միաժամանակ, նա ունի իր ամուսնու օրինակը, որը պատասխանատվություն էր ստանձնել պատերազմի լեզվի համար, ի վերջո հանգելով իշխանությունը թողնելու անհրաժեշտության: Մեհրիբան Ալիևան պետք է կատարի ընտրությունը: Ի վերջո, նրա իշխանության ճանապարհը հենց այդ ընտրությամբ է ստանալու միջազգային լեգիտիմություն՝ ներքինի բացակայության պայմաններում: Ու թեև նա իր քաղաքական իրադրության տեսանկյունից ընտրելու է վատի կամ վատթարագույնի միջև, ի վերջո, թերևս, լավ է պատկերացնում, որ ավելի լավ է դժվար, բարդ, բայց պատասխանատվություն ստանձնել խաղաղության լեզվի համար, քանի որ հեռանկար կարող է ունենալ միայն դա:

https://www.1in.am/




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ