Սերժ Սարգսյանը փակագծեր է բացելու․ մեծ փոթորիկ՝ իշխանությունների ներսում





Խորվաթիայում ԵԺԿ համագումարին` դեռեւս նոյեմբերի 20-ին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»:



Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ-ում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մեծ փոթորիկ է առաջացրել հայրենի իշխանությունների ներսում: Բանն այն է, որ իշխանությունները չէին պատկերացնում, որ Ս. Սարգսյանն այսքան արագ նորից կհայտնվի քաղաքական դաշտում, ավելին` հայտարարությամբ հանդես կգա միջազգային ամբիոնից:



«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը: Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Սերժ Սարգսյանն ավելի ակտիվ գործունեությամբ է զբաղվելու, ավելին` փակագծեր է բացելու իր պաշտոնանկության պատճառների մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովի հետ` պարզելու համար, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ Ս. Սարգսյանը փակագծեր է բացելու առաջիկայում:



«Փակագծեր էլ են բացվելու, ապագայի մասին էլ է խոսվելու, Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում միակը չի լինելու, Սերժ Սարգսյանը ամենաընդդիմադիր արտախորհրդարանական ամենամեծաքանակ քաղաքական ուժի ղեկավարն է ու ինքն իր կարծիքը կասի, ինքն ասել է, որ ժամանակը մոտենում է, ու ինքը փակագծերը կբացի ու անկեղծ կզրուցի հանրության հետ»,- հայտարարեց Շարմազանովը:



Դիտարկմանը, թե ինչ փակագծերի մասին է խոսքը, մեր զրուցակիցն ասաց. «Դա նույն է, ինչ ես պատմեմ չհրապարակված գրքի մասին. դա բացառապես պարոն նախագահի մենաշնորհն է, ժամանակը կգա, ինքն էլ կասի: Սերժ Սարգսյանի կարծիքն եք ուզում, ապա սպասեք, ինքը կխոսի, այդ ժամանակ էլ կլսեք»:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ