Քոչարյանը հայտնել է վերադարձի պլանի մասին





Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին, որտեղ նա անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և տնտեսական խնդիրներին:

Հատկապես Քոչարյանի քաղաքական գնահատականները բավականին ուշագրավ են: Նա վերստին խոսել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի մասին, որտեղ մինուս մեկը ըստ էության Նիկոլ Փաշինյանն է: «Կարծում եմ «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից:

Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը:

Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- ասել է Քոչարյանը:

Բանտից հղված այս ուղերձը ուղղված է ինչպես հեղափոխական, այնպես էլ ոչ հեղափոխական ուժերին. այս պահին տարբեր բևեռներում գտնվող ուժերը կարող են միանալ «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարին` ապահովելով իրական քաղաքական համախմբում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Տեսականորեն չի բացառվում անգամ, որ բուն հեղափոխական թիմում ևս կստեղծվեն բևեռներ, որոնցից մեկը կամ երկուսը վերջին փուլում կմիանան այս «կոնսենսուս»-ին ` «մինուս մեկ» դիտարկելով Նիկոլ Փաշինյանի համեմատաբար թուլացած թիմին: «Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:

Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը»,- ասել է էքսնախագահը` որպես թարմ օրինակ նշելով Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Այս գործընթացում ամենակարևոր դերերից մեկը Քոչարյանը վերագրում է իրեն, բայց ոչ միայն իրեն: Խորհրդարանական ընդդիմության արմատական կեցվածքի հորդորն ըստ ամենայնի առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին ուղղված հեռակա համագործակցության հրավեր է: Թերևս Քոչարյանին բանտից հաջողվի անել այն, ինչը ժամանակին այդպես էլ չկարողացավ անել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի առաջ քաշած բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը փառավորապես տապալվեց` այդպես էլ մնալով տեսություն:

Ծառուկյանը տարիներ առաջ չընդունեց բուրժուադեմոկրատական հեղափոխության` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը: Այժմ, սակայն, իրավիճակնն այլ է: Ծառուկյանը դասակարգային շահերի, բիզնեսի և կապիտալի պաշտպանության խնդիր ունի և այս իմաստով ռիսկի գործակիցը տրամաբանական տիրույթում է գտնվում:

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?p=154803&l=am




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին