Դաշնակցությանը թույլ չտվեցին. փորձը ձախողվեց





Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, որի առիթ է դարձել նախարարության մտադրությունը բուհական ինքնավարությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անկասկած գտնվում է Հայաստանում ներքաղաքական ընդհանուր պայքարի հետհեղափոխական իրողություններին բնորոշ տրամաբանության շրջանակում: Խոսքը նոր իշխանության դեմ հին համակարգի պայքարի մասին է: Բայց մենք նաև առիթ ենք ունեցել խոսել այն մասին, որ հին համակարգ, որպես միատարր, միաբևեռ իրողություն, գոյություն չունի, և այստեղ կա ոչ պակաս կոշտ ու սուր մրցակցություն, քան նոր իշխանության հետ մրցակցությունն է:

Նկատելի էր, որ ԿԳՍՄ նախարարի դեմ քաղաքական արշավը ձգտում էր առաջնորդել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի երիտմիությունն էր պայքարի աշխույժ դրոշակակիրն ու հրաժարական պահանջողը: Դաշնակցությունն այդպիսով ակներևաբար փորձում էր ձևավորել որոշակի քաղաքական միջավայր, որտեղ, իր դերակատարումն ընդգծելով՝ կարող էր նաև դարձնել այդ հանգամանքը այլ մակարդակներ կամ այլ հարցերի մեջ ներգրավվելու ցատկահարթակ:

Առավել ևս, որ դեռևս ամիսներ առաջ իշխանությանը ցույց տված դեղին քարտից հետո Դաշնակցությունը գործնականում որևէ կերպ չէր կարողանում նկատելի, շոշափելի դիրքերից ներգրավվել ներքաղաքական օրակարգ, նախկին համակարգը ներկայացնող ուժերը դա թույլ չէին տալիս: Դաշնակցությանը, սակայն, թույլ չտվեցին փաստորեն նաև այս անգամ:

Եթե դիտարկենք նախարարի դեմ քաղաքական արշավի քրոնիկոնը, իսկ որպես քաղաքական արշավ երևույթն իհարկե պետք է դիտարկել միանգամայն բնական՝ անկախ դրա հանդեպ որևէ վերաբերմունքից և անկախ քաղաքական հայացքներից, ապա կարող ենք արձանագրել, որ ՀՅԴ-ին թույլ չտվեցին երկար ժամանակ «մնալ մենակ» և պահել դրոշակը, այդպիսով դիրքավորվելով նաև որպես ազգային արժեքների պաշտպանության գլխավոր դերակատար:

Բավականին արագ «դեպքի վայր»՝ տվյալ դեպքում ՀՅԴ երիտմիության նախաձեռնած անժամկետ նստացույցի վայր սկսեցին ներկայանալ նախկին իշխող համակարգը ներկայացնող քաղաքական և քաղաքական հստակ շահառուների ու հավակնորդների շրջանակ ներկայացնող քարոզչական թիմերի ամենատարբեր այլ ներկայացուցիչներ, ի վերջո, ՀՅԴ դիրքավորման փորձը վերածելով նոր իշխանության դեմ ավանդական հավաքական ալիքի: ՀՅԴ-ն գործնականում հերթական անգամ մնում է նախկին իշխող համակարգի ստվերում:

Այդ շրջանակում կուսակցությունն այլ դիրքի հավակնելու իրատեսական հիմք չունի առհասարակ: Եվ այդ իմաստով չափազանց ափսոս է այն հսկայական համահայկական ներուժը, որին տիրապետում է ՀՅԴ-ն, իրապես որպես ազգային, քաղաքական կառույց, և որը մարդկանց մի խումբ պարզապես դնում է շատ նեղ նպատակների սպասարկման շրջանակի մեջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2654561.html




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին