Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց առանց ապացույցների հայտարարություն անելու մե՞ջ





Սերժ Սարգսյանի ելույթը վախեցած մարդու ելույթ էր, ինչը բնական եմ համարում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Հաշվի առնելով հենց ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովի աշխատանքները, այն քրեական գործերը, որոնցով նրա ընտանիքի բազմաթիվ անդամներ են անցնում՝ կարելի է ենթադրել, որ մի օր նաև հարցը կհասնի նրան»:

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի անցնում որևէ քրեական գործով՝ հաշվի առնելով այն, որ նրան մեղադրում են այս կամ այն արածի մեջ, Սիմոնյանը պատասխանել է, որ կան մարդիկ, ովքեր հիմա դեռ չեն անցնում քրեական գործերով, քանի որ նրանց մասով տեղեկություններ դեռ չկան. «Սակայն չկա որևիցե մարդ, ով կխուսափի:

Ներողություն եմ խնդրում՝ կա՞ ձեր մոտ կասկած, որ այդ ճամպրուկներով փողերի հետ կապված գեթ մեկ ապացույցի հետ կապված լինելու են գործողություններ: Որևիցե ապացույց հայտնվելու պարագայում միաշնակ վստահ եղեք…Իմ անձնական կարծիքով, այդ ապացույցները հայտնվելու են»:

Հիշեցնենք, որ ճամպրուկներով Բաղրամյան 26 տարված գումարների մասին ավելի քան մեկ տարի առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այս պահն այդ մասով որևէ զարգացում հանրությանը հայտնի չէ, իսկ հիմա Սիմոնյանը նաև հայտնում է, որ ապացույցներ հայտնվելու դեպքում որևէ մեկը պատժից չի կարող խուսափել: Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է առանց ապացույցների հայտարարություն անելու մեջ:

analitik.am




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին