Հրատապ. Ադրբեջանը տարածքներ է գրավել





Խիստ ուշագրավ հրապարակում է հայտնվել հետաքննությամբ զբաղվող կայքերից մեկում, եթե չասենք՝ սենսացիոն: Ադրբեջանը, պարզվում է, հարևան Վրաստանի նկատմամբ տարածքային ոտնձգություններ է իրականացնում…

«Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ», — պնդում է բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքը:

Հետազոտելով Google-ի կողմից արված վերջին արբանյակային լուսանկարները` Bellingcat-ը փոխանցում է, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում:

Bellingcat-ի հոդվածագիր Մասիս Ինգիլիզյանը հիշեցնում է, որ դեռ օգոստոսին ադրբեջանցի պաշտոնյաներն ու Բաքվի մամուլը ազդարարում էին, թե հայ — ադրբեջանական պետական սահմանի Ղազախի հատվածում կարողացել են բարելավել մարտական դիրքերը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ կայքը մասնավորաբար հիշեցրել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի օգոստոսի 16-ին ասված խոսքերը, թե «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»: Bellingcat-ի հեղինակը, չժխտելով ադրբեջանական առաջխաղացման փաստը, միաժամանակ ընդգծում է, որ այն իրականացվել է ի հաշվի երրորդ պետության` Վրաստանի:

Bellingcat-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը առնվազն չորս նոր հենակետեր են ստեղծել այս հատվածում, որոնք 140-ից 370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից և փաստորեն գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի երկրամասում` Կիրաչ-Մուղանլո գյուղի դեմ դիմաց:

Ավելին, ըստ Bellingcat-ի հոդվածագրի, Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից ընդամենը 380 մետրի վրա է` գերիշխող բարձունքի վրա:

«Այս նոր տարածքները Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը», — գրում է Bellingcat-ը` նշելով, որ հայկական ուժերը ևս առաջացել են Բաբաքյար լեռան գագաթի ուղղությամբ:

Ուշագրավ է, թե ինչ արձագանքներ կլինեն թե՛ Վրաստանից, թե՛ Ադրբեջանից, թեև Ադրբեջանի արձագանքը կարելի է կանխատեսել, նրանք, հավանաբար, կեղծիք կորակեն մամուլում հայտնված այս հետաքննությունը:

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում, այսպիսով, չեն բացառվում սկանդալային զարգացումները:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=154228&l=am




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին