Վարչապետն անցավ հակահարվածի. Նա զգաց վտանգը





Շաբաթ եւ կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում սկսեց իր «անկեղծ զրույցները» քաղաքացիների հետ: Առաջին ուղիղ եթերը նվիրված էր կառավարական ամառանոցի վերաբերյալ տեղեկություններին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Սերժ Սարգսյանի բնակության ամառանոցը 2 մլն դոլար արժողության վերանորոգումից հետո:

Նիկոլ Փաշինյանը ցուցադրում էր ամառանոցը եւ ասաց, որ փոխել են միայն պատերի ու դռների գույնը, վերանորոգման վրա ծախսվել է ավելի քան 10 անգամ պակաս, քան նշվել է մամուլում:

Երկրորդ ուղիղ եթերը նվիրված էր Ղարաբաղի խնդրին ու բանակին, գեներալիտետի հետ հարաբերություններին: Նա անդրադարձավ այն տեղեկություններին, թե ինքը հանձնում է Ղարաբաղը եւ վարկաբեկում է գեներալներին: Նա կրկնեց իր թեզերը Ղարաբաղի կարգավորման վեաբերյալ եւ հայտարարեց, որ բանակում ստեղծվում է նոր գեներալիտետ:

Ըստ ամենայնի, վարչապետը կշարունակի «անկեղծ զրույցների» շարքը, անդրադառնալով այլ հարցերում եւս քարոզչական գրոհներին: Դրանք գնալով սաստկանում են, եւ եթե նախկինում չունեին քիչ թե շատ ազդեցություն եւ փլուզվում էին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությամբ, ներկայում նկատելի է, որ քարոզչական այդ արշավն արդեն ազդում է հանրային տրամադրությունների վրա, ինչը վարչապետի եւ նրա կառավարության լեգիտիմության համար շոշափելի խնդիր է դառնում:

Նախկին վարչակարգը պահպանել է իր քարոզչական ռեսուրսը, հեռուստատեսությունից մինչեւ «պոստ գրողներ», քարոզչությունը զգալի մասով հիմնված է «լուն ուղտ սարքելու», ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների վրա, որն ուղղված է անվստահության, վախի ու անորոշության մթնոլորտ ձեւավորելուն: Դրա վրա միլիոններ են ծախսվում, ասում է վարչապետը: Սակայն այդ քարոզչությունն աստիճանաբար ստանում է նաեւ օբյեկտիվ հիմքեր ու առիթներ, որոնք պայմանավորված են կառավարության գործունեության հետ:

Անկասկած առկա է սերունդների, նորի ու հնի, աշխարհայացքների ներհանրային պայքար, եւ ներկայիս ներքին դիմակայությունը պայմանավորված է նաեւ այդ ցավոտ ու օբյեկտիվ գործընթացով: Մյուս կողմից, կառավարության գործունեության մեջ առայժմ գերակշռում են ոչ համակարգային, իրավիճակային քայլերը, որոնք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հանգուցալուծում չեն ենթադրում, ինչը նպաստում է անորոշության խորացմանը:

Այս պայմաններում, կառավարության դեմ քարոզչությունը ձեռք է բերում առավել լայն ազդեցության հնարավորություններ: Առավել եւս այն պայմաններում, երբ կառավարությունը չունի քարոզչություն որպես այդպիսին: Նիկոլ Փաշինյանն անկասկած տեսնում է այս խնդիրները եւ որոշել է անձամբ հակահարված տալ քարոզչական գրոհներին:

Որքանով այն արդյունավետ կլինի, նախեւառաջ կախված է կառավարության արդյունավետությունից ու համակարգային լուծումներից: Միեւնույն ժամանակ, երբ վարչապետն օրինակ ասում է, որ ամառանոցի վերանորոգման վրա ծասվել է ոչ թե 2 մլն դոլար, այլ 10 անգամ պակաս եւ ավելացնում, թե կառավարությունը 130 միլիոն դոլար ավել գումար է բերել բյուջե, կամ երբ ներկայացնում է տնտեսական վիճակագրություն, դա չի ունենում անհրաժեշտ ազդեցությունը: Մարդիկ այլ բան են սպասում:




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին