Ճանապարհային ոստիկանին ձերբակալել են թմրամիջոց ձեռք բերելու փորձի ժամանակ (Video)





Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին ճանապարհային ոստիկանի կողմից թմրամիջոց ձեռք բերելու փորձը։ Ոստիկանության կապիտանը աշխատանքի ժամին ծառայողական մեքենայով մոտեցել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցնի։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Հանգամանքները պարզվում են։




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին