ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար։
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ցանկալի կլիներ, որպեսզի նախկին առաքելությունից զեկույց հրապարակվեր, ու նշեց, որ ինքն ուղղակի վստահ է՝ ԵՄ դիտորդական խումբն արձանագրել է ՀՀ սահմանների խախտման փաստը։
«Թե ինչու չհրապարակվեց Բորելի կամ հենց ԵՄ որևէ գերատեսչության կողմից, մանավանդ, որ դա Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությամբ երկամսյա ժամկետում պետք է ավարտեր իր առաքելությունը․․․ Ես չեմ լսել բացատրություն, թե ինչու ԵՄ-ն չի հրապարակել երկամսյա դիտորդական առաքելության զեկույցը։ Բայց սա չի նշանակում, թե ես դժգոհ եմ այդ դիտորդական առաքելության Հայաստանում գտնվելուց, որովհետև ակնհայտորեն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան ավելի հեռուն գնացող նպատակներ է ունեցել, քան սահմանախախտում իրականացնելը։
Դեռևս անցյալ տավա ամռանից Ադրբեջանը կոշտ պահանջ էր դրել տրամադրելու, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը»՝ արտատարածքային կարգավիճակով՝ փորձելով սիմետրիա ապահովելով Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» միջև։ Հետևաբար, այդ դիտորդական առաքելության արագ կազմակերպումը և Հայաստան ուղարկելը՝ խնդիր լուծել է, և դա Ադրբեջանի ստրատեգիայի չեղարկումն էր»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Քաղաքագետի խոսքով, որպեսզի միջազգային հանրությունը և Հայաստանը կարողանային շտկել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման փաստը, ինքը նախընտրելի կհամարեր, որ, այնուամենայնիվ, նրանք նախնական զեկույց հրապարակեին՝ այդ փաստերի արձանագրումով։
Մեր զրուցակիցը նշեց, որ գրեթե կասկած չունի, որ այդ զեկույցը գտնվում է եվրոպական պաշտոնյաների դարակներում, և նրանք հրաշալի տեղեկացված են, թե ով է իրականացրել ագրեսիան։ «Այդ առաքելության տեղակայման պատճառներից մեկը ոչ միայն այն էր, որ Հարավային Կովկասում բացառեր Ադրբեջանի կողմից մեկ այլ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, այլ նաև ակնհայտորեն հարց էր առաջացել, որ Ադրբեջանը բավականին լուրջ քայլեր էր ձեռնարկում, որպեսզի պատկերը լղոզեր ներկայացներ, թե, իբրև, իր կողմից Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։