Ի՞նչ վիրուս է Հայաստանում



Lragir.am-ի զրուցակիցն է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը..

Advertising

Պարոն Օհանյան, Հայաստանում գրիպով և սուր չնշառական հիվանդություններով հիվանդացությունն աճում է, H1N1 վիրուսից մահվան դեպքերի մասին հաղորդեց առողջապահության նախարարությունը։ Ի՞նչ իրավիճակ է։

Կովիդը նույնպես շրջանառվում է այս փուլում, բացի կովիդից ու գրիպից, այլ շնչառական վարակներ էլ կան, օրինակ, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, որի պատճառով նախորդ ամիս մանկական ստացիոնարներն ամբողջությամբ զբաղեցված էին։ Գրիպն ունի սեզոնային ակտիվացում և կարող է այս տարի մի քիչ ավելի ակտիվ է, քան նախորդ սեզոններին, քանի որ նախկին տարիներին գերակայում էր կովիդը։ Իսկ վիրուսային հիվանդություններն այդպիսի բնույթ ունեն, եթե մի քանի տարի չեն դրսևորվում, տեղը պետք է հանեն։

Advertising

Հիմա բավական մեծ թափով տարածվում է, գերակշռում են ընտանեկան դեպքերը։ Ինձ դիմողների շրջանում շատ են դեպքերը, երբ ամբողջ ընտանիքը հիվանդ է։ Դա նաև խոսում է այն մասին, որ մենք տվյալ տեսակի նկատմամբ իմունիտետ չունենք։ Այսինքն՝ սա խոսում է նաև այն մասին, որ գրիպի դեմ պատվաստման ցուցանիշները շատ ցածր են։ Ես մի քանի խոսքով ուզում եմ բացատրել մարդկանց, որ սա «խոզի գրիպը» չէ, ինչքան էլ, որ H1N1 է կոչվում։ «Խոզի գրիպ» տերմինը վերաբերում է հենց 2010 թվականին գրանցված համաճարակին։ Այս վիրուսն այն ագրեսիվությունն ու մահաբերությունը չունի, ինչ «խոզի գրիպը»։ Սա A տեսակի գրիպներին է պատկանում։

Ամենկարևորն այն է, որ պետք է ուշադիր լինել ռիսկի խմբի պացինետների հանդեպ։ Նրանք են մինչև 5 տարեկան երեխաները, հղիները և 65 տարեկանից բարձր անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Շատ ճիշտ կլինի, եթե այդ բոլոր խմբի անձինք գանգատների դեպքում շատ արագ թեստավորում անցնեն, որովհետև բուժումն արդյունավետ է առաջին 48 ժամվա ընթացքում։ Եթե առաջին 48 ժամվա ընթացքում հակավիրուսային բուժում է իրականացվում, դրանով բարդությունների ռիսկը նվազելու է։

Մահացության դեպքերն ինչի՞ հետևանք են։

Մահացության դեպքերը թոքաբորբով են պայմանավորված։ Ես ունեմ բավական թվով պացինետներ, որոնք վիրուսը տանում են, վիրուսից հետո զարգանում է թոքաբորբ։ Բայց միշտ չէ, որ թոքաբորբով հիվանդները հիվանդանոց հասնելու կարիք են ունենում,  առավել ևս մահացություն է գրանցվում։ Այո, H1N1 վիրուսից գրանցված մահվան երկու դեպք կա, բայց հաստատ իրականում ավելի շատ են մահացության դեպքերը։

Կովիդի նոր ալիքի բռնկման հավանականության մասին են ահազանգում մասնագետները, ի՞նչ իրավիճակ է աշխարհում։

Չինաստանում ու Ճապոնիայում էր դեկտեմբերի ամսին էական բարձրացում գրանցվել։ Բայց վերջին օրերի տվյալներով նվազում է լինելու։ Սպասելի էր, որ նոր բռնկումներ կլինեն, աշխարհը շատ է մեծացել, կան առանձին խմբի մարդիկ, ովքեր չեն հիվանդացել նախկինում։ Օրինակ՝ Չինաստանում զրո դեպքի քաղաքականություն էին վարում, որը բերեց գերխիստ մեկուսացման, և հիմա վիրուսի նկատմամբ ընկալունակ մարդիկ շատ կան։ Ռիսկի խմբի անձանց ես միանշանակ խորհուրդ եմ տալիս պատվաստվել թե գրիպի, թե կովիդի դեմ։ Գրիպի պատվաստանյութը շատ արդյունավետ է, կանխում է հիվանդանալը, ծանր դեպքերը։ Հատկապես ռիսկի խմբի անձինք միանշանակ պետք է պատվաստվեն։