Որդին կծնվի, հայրիկի աչքի լույսն էլ կբերի. 44-օրյա պատերազմի մասնակից Վրեժ Բադալյանի ընտանիքում Ամանորի հրաշքին են սպասում, Վրեժի կյանքի հերթական հրաշքին․



Վրեժն ու Քրիստինան այս Ամանորը դիմավորում են հայրենի Զանգակատնից շատ հեռու՝ Գերմանիայում։ 44-օրյա պատերազմի հերոսը մոր և կնոջ հետ դեռ ամիսներ առաջ ժամանակավոր մեկնեց Հայաստանից՝ աչքի լույսը արտասահմանցի մասնագետների օգնությամբ վերագտնելու։

Ամանորը հայրենիքից ու հարազատներից հեռու դիմավորող Վրեժն ու Քրիստինան Zarkerak.am-ի հետ տեսակապի ընթացքում պատմում են, որ տարեմուտին երկու կենսական երազանք են պահել՝ մեկը, որ օրեր անց ծնվող իրենց փոքրիկը բարեհաջող լույս աշխարհ գա, մյուսն էլ, ինչպես Քրիստինան է ասում, իր ծնվելով հայրիկին առողջություն բերի։ Վրեժը դեռ մայրիկի սրտի տակ գտնվող իրենց տղային շոշափելով էլ զգում է, բայց այնքա՜ն է ուզում տեսնել։

Ամանորին Վրեժն ու Քրիստինան, միևնույն է, հավատում են հրաշքներին, իրենք հրաշքի սեփական օրինակն ունեն՝ ծայրահեղ ծանր վիճակում, բազմաթիվ վիրավորումներով, օրեր շարունակ կոմայում գտնված 44-օրյա պատերազմը հաղթահարած 33-ի Վրեժ Բադալյանն այսօր ողջ է։Արդեն 3-րդ Ամանորն է՝ Վրեժի համար տարեմուտը մի արտահայտությամբ է սկսվում․ «Շնորհակալ եմ լինում, որ ողջ եմ»։


«5-րդ ամիսն է՝ այստեղ ենք՝ Գերմանիայում։ Թե ինչքան կմնանք դեռ հայտնի չէ։ Բուժումներ ու վիրահատություններ չեն արվել, այս ամիսների ընթացքում ընդամենը մի քանի անգամ ակնաբույժի մոտ ենք եղել, ասել են՝ արդեն հունվարից կսկսեն ինչ-որ հստակ գործողություններ»,- պատմում է Քրիստինան նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Վրեժը կորցրել է երկու աչքի տեսողությունն էլ, մեկը անվերադարձ, մյուսը վերականգնելու հույս կա։ Իրենց բարդ  ընթացք է սպասվում, ուստի արդեն նոր տարում իրենց զույգի համար էլ ուժ են ուզում, որ կարողանան այս վճռական փորձությունն էլ հաղթահարել։

Առողջական վիճակի մասին խոսելիս Վրեժի անհանգստությունն ու հնարավորինս շուտ ապաքինվելու սպասումը տեսակապի այս կողմից էլ զգացվում է։ Քրիստինան պարբերաբար ամուր սեղմում է սիրելիի ձեռքը, անխոս էլ հասկացնելով՝ քեզ հետ եմ, ինչպես եղել եմ միշտ՝ սկզբում դասընկերուհու, հետո ընկերուհու, հիմա  էլ  արդեն կնոջ կարգավիճակով։

Վրեժն ու Քրիստինան

Վրեժ Բադալյանը 44-օրյա պատերազմի մասնակից մեր այն տղաներից է, ում անկախ հանգամանքներից պատերազմը ու դրա ճակատագրական  հետևանքները չեն կոտրել։ Ամուր է եղել այնքան, որ որոշել է ընտանիք կազմել։ Իսկ ու՞մ հետ պիտի ընտանիք կազմեր, եթե ոչ Քրիստինայի․«Առաջին անգամ, երբ պատմեցի զգացմունքներիս մասին 9-րդ դասարանում էինք սովորում, 2 տարի «մեջս էի պահել»»,-անկեղծանում է Վրեժը։«Առաջին անգամ, երբ քայլ արեցի մերժեց, դե ինքը դասարանի գիտունիկն էր, ասում էր՝ դասերին կխանգարեմ, բայց արդեն 10-րդ դասարանում սկսեցինք ընկերություն անել»։

«Վրեժն այնքան համառ էր, որ հասավ իր ուզածին»,- պատմում է Քրիստինան ու հիշում․« Վրեժի բանակ գնալուց առաջ և՛ պլաններ, և՛ երազանքներ ունեինք, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ, ամեն ինչ ուրիշ ուղղությամբ գնաց»։

Այն, որ Քրիստինայի սերն անբեկանելի է Վրեժը գիտեր, բայց պատերազմում դա վերջնականապես հասկացավ․«Պատերազմի ընթացքում էլ Քրիստինայի հանդեպ շատ մեծ պատասխանատվություն եմ զգացել, եկավ մի պահ, որ ինձ մեղավոր էի զգում, որ իրեն այդքան իմ կողքին եմ պահել, խոստումներ եմ տվել ու հիմա անհասկանալի  իրավիճակում եմ՝ հնարավոր է չվերադառնամ։  Պատերազմի երրորդ օրը կապվեցի իր հետ, ասեցի որ ինչ էլ լինի, կյանքը շարունակվում է։ Բայց չթողեց շարունակեմ, ասեց ամեն ինչ լավ կլինի, Աստված քո հետ կլինի»։

«Միշտ մտածում էի, որ լավ է լինելու, վատի մասին երբեք չեմ մտածել, նույնիսկ այն օրերին, երբ  վերակենդանացման բաժանմունքում Վրեժին  հույս չէին տալիս,ես,միևնույն է, հավատում էի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- պատմում է Քրիստինան ու վստահեցնում՝ իր աղոթքները վերևում լսող է եղել ու իր ամեն աղոթքով Վրեժը ապրելու ևս մեկ շանս է ստացել․«Հիմա էլ  այդ ծանր օրերը հիշում ենք,բայց ուզում ենք առաջ շարժվել,միայն լավի մասին մտածելով՝ այս տարի հատկապես։ Երբեմն էլ զարմանում ենք՝ այս մե՞նք նման փորձությունների միջով կարողացանք անցնել»։

«Այդ օրերը չենք կարողանում  չհիշել, թե ոնց այդ ամեն ինչը մեր «գլխով անցավ»,ինչքան էլ սիրում էինք իրար, ինչքան էլ կար զգացմունք, բայց  այդ փորձությունների ճանապարհին մեր մեջ եղած պարանն ավելի ձգվեց»,- ասում է Վրեժը։ Այնքան ձգվեց, որ ամուսնացա՞ք, հարցնում ենք։

«Մի նրբություն կա, 2021-ի ամռանը փախցրեցի Քրիստինային» ,- ժպտում է Վրեժը։

«Վրեժը պետք է գար Գերմանիա ու արդեն գիտեինք, որ բուժումը երկար է տևելու, անընդհատ այդ ուղղությամբ էր մտածում, թե իրարից այդքան հեռու ոնց ենք անելու։ Ծնողներս էլ համաձայն չէին, որ ամուսնանանք, քանի որ  սովորում էի համալսարանում ու այդպես մի օր պատահական Վրեժը որոշեց  ու  գնացինք իրար հետ, հետո միայն հարսանիք արեցինք։Մեր հարսանիքի օրը  հուզմունքը, ուրախությունը, ամեն  ամեն ինչ խառնվել էր իրար, պահ էր գալիս չէի գիտակցում, որ ամուսնանում եմ»,- ասում է Քրիստինան։

Վրեժը Քրիստինային հարսի զգեստով չտեսավ, փոխարենը ձեռքն ամուր բռնած զգաց՝ ամենագեղեցիկ հարսն է իր կողքին։

«Ես էլ այդ օրը չէի հասկանում ինչ է կատարվում»,- անկեղծանում է Վրեժն ու պատմում, որ արդեն խորանի մոտ Քրիստինային հավերժ տեր լինելու խոստում տալիս սկսել է վերարժևորել կյանքը․«Ինձ մոտ եկեղեցում ավելի ուրիշ զգացողություն էր, մինչ այդ մտքերս խառն էին, ամեն դեպքում լուրջ քայլ ես անում,  ընտանիք ես կազմում։  Բայց, երբ մտանք եկեղեցի, ինձ մոտ  այդ ժամանակ փոխվեց ամեն ինչ։  Ոնց որ ներաշխարհս լրիվ հանգստանար, խաղաղվեր, լրիվ համոզվեցի, որ այս ամենն Աստծո գործն է»։

«Ամուսնությունից հետո այն փոխվեց, որ արդեն լուրջ պատասխանատվություն կա ինձ վրա, պիտի արդեն պատրաստ լինես լուրջ քայլերի, կյանքի լուրջ հարցերի»,-պատասխանում է Վրեժն այն հարցին, թե ի՞նչ է փոխվել ամուսնությունից հետո, նկատում է նաև՝ ամուսնությունից հետո սերն ավելի է շատացել։

Արդեն Քրիստինայի ամուսնու կարգավիճակում Վրեժը հասկացավ, որ  սերն իսկապես ամոքում ու բուժում է՝ մարմնից մինչև հոգի ու միտք․«Ամեն դեպքում չեմ կարող պատկերացնել իմ կյանքի այս էտապը, բուժման ընթացքն առանց Քրիստինայի։ Շատ մեծ բախտավորություն է Քրիստինայի հետ կյանքը կապելը։ Ոչ ոք իրենից լավ չէր կարող ինձ հասկանալ։ Պատերազմ տեսած մարդու հոգեբանությունը լրիվ ուրիշ է, ամեն աղջիկ չէ, որ կարող  է շատ բաներ տանել ու հանդուրժել»,-ասում է Վրեժը։

Իսկ պատերազմն իր միջով անցկացրած Քրիստինան էլ սիրո իր խոստովանությունն է անում․«Երբ Վրեժին համեմատում եմ ուրիշ տղաների կամ իր տարիքի տղաների հետ, տարբերությունը շատ մեծ է։ Հատկապես հավանում եմ նրա լավատեսությունը, ձգտումը կյանքի հանդեպ։ Վիրավորման օրերին անգամ ինքը լավատես էր, ու հենց դրա շնորհիվ է, որ  առողջական վիճակն արդեն հասել է այս մակարդակին»։

Այ այսպես, փորձությունների դեմ ձեռք ձեռքի տված Վրեժն ու հերոսի աչքի լույսը դարձած Քրիստինան պայքարում են իրենց բաժին լավ օրերի համար, իսկ դրանք օրեցօր մոտենում են՝ կյանքի նոր իմաստը՝ որդին է գալիս։

«Տղայիս անունն էլ ենք որոշել՝ Մոնթե։ Երբ դեռ ծառայության մեջ էի, միշտ խոսում էինք, որ մեր առաջնեկը տղա է լինելու ու անունը Մոնթե։ Ես արդեն պատրաստ էի հայր դառնալուն, ինքս շատ բան էի տեսել»,- ասում է Վրեժն ու հավելում՝ Մոնթեին շատ բան ունի պատմելու, տալու, սովորեցնելու․«Մեր՝ կռվողներիս կյանքի օրինակով, մեր երեխաները տեսնելու են, հասկանալու են հայրենիքի համար իրենց կյանքը չխնայածների տանջանքը։ Հասկանալու են ընտանիքի կարևորությունը։ Մոնթեն  դեռ մանկուց պետք է գիտակցի, որ իր հոր պես պետք է լինի ազգի արժանի զավակ, ոնց իր ծնողն է կռվով պայքարել իր հողի համար, նույնն էլ՝ ինքը։ Եթե ժամանակը գա, որ իմ տղան էլ կռվի, ես հանգիստ կարող եմ իմ ունեցած գիտելիքով իրեն ճանապարհել մարտի։ Ես իրեն պիտի բացատրեմ, որ ես իր անունը հենց այնպես Մոնթե չեմ դնում։ Ինքս ուզում էի զինվորական դառնայի, բայց չհասցրեցի։ Իմ ունեցած գիտելիքն իրեն կփոխանցեմ ու կուզենամ, որ լուրջ զինվորական դառնա»։

«Երեխան  կգա, քո աչքերի լույսը կտա քեզ»,- Քրիստինան այս խոսքերը սիրելիին հաճախ է ասում,Վրեժն էլ խորապես հավատում է։ Մենք էլ հույս ունենք, որ արդեն նոր տարում՝ այս խոսքերը մարգարեական են լինելու։

«Հիմիկվանից պապայից «ազդվում է» , հենց սկսում է  խփել, ձեռքս դնում եմ՝ էլ չի խփում»,- ծիծաղով ասում է Վրեժը։

Քրիստինան կրկին բռնում է սիրելիի ձեռքը, կամ ինքը Վրեժին կարոտեց, կամ բալիկն ուզեց հայրիկին ավելի մոտիկ լինել․ «Պատրաստվում ենք ու անհամբեր սպասում ենք բալիկի գալուն։ Այս Ամանորը հենց դրանով է հատուկ»,- ասում է Քրիստինան։

Վրեժն էլ մի քիչ մտահոգված ասում է, շատ բաների կարող է հարմարվել, բայց արդեն երեխայի հետ հայրենիքից հեռու լինելը շատ բարդ է թվում․«Չեմ պատրաստվում Գերմանիայում կամ ինչ-որ այլ երկրում ապրել՝ իմ հայրենիքից հեռու»։

Մենք էլ հավատում ենք՝ հայրենիքն էլ առանց Վրեժի նման հերոսների չի կարող ապրել ու այս արդեն հարազատ դարձած զույգին նոր տարվա գլխավոր բարեմաղթանքն էլ մեկն է՝ շուտով,  շատ շուտով հայրենիք վերադառնան՝ համալրված ընտանիքով, վերագտած աչքի լույսով։ Մեզ Վրեժներ ու Մոնթեներ շատ են պետք։

Հաստատ քեզ դուր կգա