ՌԴ-ում գտնվող հայերն ունեն երեք պատճառ՝ Ռուսաստանի տարածքն անհապաղ լքելու համար. Ահա թե որո՞նք են այդ պատճառները



Ռուսաստանում առաջիկայում մոբիլիզացիայի նոր փուլ է հայտարարվելու, Lragir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է նոր մոբիլիզացիա հայտարարել, մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումները հաստատում են այս ինֆորմացիան։ Մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ համակարգի ներսում, արդեն իսկ խոսում են այն մասին, որ զորահավաքի թերթիկներ կան։

Advertising

Եվ ՌԴ-ն, նախկին փորձը հաշվի առնելով, պատրաստվում է ավելի պատրաստված զորահավաք հայտարարել։ Այսինքն՝ սկզբում զինապարտ տղամարդկանց համար կփակվեն սահմանները, այնուհետև պաշտոնապես զորահավաք կհայտարարվի։ Ինչո՞ւ եմ ես սրա մասին բարձրաձայնում, շատ պարզ պատճառով, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր ապրում են ՌԴ-ում, անակնկալի չգան ու արդեն այսօրվանից սկսած պլանավորեն ՌԴ-ից իրենց դուրս գալու քայլերը»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ ՌԴ-ում գտնվող հայերն ունեն երեք պատճառ՝ Ռուսաստանի տարածքն անհապաղ լքելու համար։ Առաջին ու հիմնավոր պատճառն Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններն են, որի ուղղակի մասնակիցն են դառնում հայերը՝ անկախ իրենց կամքից։ «Հատկապես ՌԴ քաղաքացի հայերին ուղարկելու են Ուկրաինայի անտառներում զոհվելու՝ Վլադիմիր Պուտինի ամբիցիաները պաշտպանելու համար»,- ասաց նա։ Երկրորդ պատճառը, թե ինչու պետք է հայերը լքեն ՌԴ-ն, ըստ քաղաքագետի, հայ-ռուսական հարաբերություններն են։ «Այդ հարաբերություններն օր օրի օբյեկտիվորեն սրվում են, քանի որ ՌԴ-ն չի կատարում ՀՀ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները։

Advertising

Եվ եթե ՀՀ իշխանությունները շատ ավելի կոպիտ դիրքերից ու շատ ավելի լուրջ պահանջներով հանդես գան, մենք ունենք ՌԴ-ում վրացիների փորձը։ Տեսանք, թե ռուս-վրացական պատերազմի օրերին ՌԴ-ն ինչ վերաբերմունքի արժանացրեց վրացիներին, նույն բախտին են արժանանում նաև մեր հայրենակիցները։ Եվ երրորդ պատճառը տնտեսական դրության բարդացումն է եւ ռուբլու շարունակական արժեզրկումը։ Այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են և իրենց գումարն ուղարկում են Հայաստան, նրանք ևս պետք է սառը հաշվարկ անեն ու հստակ գնահատական տան՝ արժե մնալ ՌԴ-ում, թե ոչ»,- նշեց Հարություն Մկրտչյանը։

Քաղաքագետի խոսքով՝ առայժմ ՌԴ տարածքը լքելու համար արգելք չկա, բայց ռազմաճակատում իրադրությունն այնպիսին է, որ ՌԴ-ն այլ ելք չունի, սահմանները փակելով՝ մոբիլիզացիա է հայտարարելու։ Այն, որ զորակոչի ժամանակ թիրախում են լինելու օտարազգիները, փաստում է նաև այն, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացնելու որոշումներ են ընդունել վերջին ամիսներին։ «Քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ՌԴ անձնագիր ստանալ, այժմ նրանց մեկ քայլ է բաժանում այդ «բաղձալի» երազանքից։ Նրանք կարող են գնալ զինկոմիսարիատներ, պատրաստակամություն հայտնել, որ կմասնակցեն Ուկրաինայում ծավալվող գործողություններին, և ՌԴ-ն նրանց անմիջապես կտրամադրի քաղաքացիություն։

Ես նաև ուզում եմ կոչով դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր այն հայրենակիցներին, ովքեր Միութենական պետություն կոչվող մետաստազի կողնակիցներ են։ Նրանք ևս ազատ են իրենց որոշումներում, քանի դեռ սահմանները բաց են, կարող են գնալ ՌԴ և ռուսական անձնագրի տեր դառնալ։ Հայաստանի Հանրապետության առաջ այսօր խնդիր է դրված պահպանել անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը։ Եվ ՀՀ պետականության թիվ մեկ սպառնալիքը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ ՌԴ ծպտյալ կողմնակիցները կարող են ինքնաբացահայտվել ու գնալ Ռուսաստան, Հայաստանի Հանրապետությունը ՌԴ-ին անկախություն ու ինքնիշխանություն չի զիջելու, սա մեկընդմիշտ պետք է նրանք հիշեն»,- հավելեց նա։