Ամերիկյան Foreign Policy ազդեցիկ հրատարակությունը փորձագիտական հանրության ուշադրությունն է հրավիրել աշխարհի ամենակարևոր տասը հակամարտությունների։ Հրապարակման մեջ նշվում է Ուկրաինայի պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև քաղաքացիական առճակատումը Իրանում, Եմենում, Եթովպիայում, Կոնգոյում և Պակիստանում, և, վերջապես, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը որպես ժամանակակից աշխարհի ամենասուր խնդիրներ: Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել և մանրամասն մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։
Foreign Policy-ի փորձագետները համոզված են, որ ուկրաինական պատերազմն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության վրա։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի նոր առճակատում»,— նշել են ամերիկացի վերլուծաբանները։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումը խախտեց տարածաշրջանի հետ կապված սկզբնական ծրագրերը։
Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր անխուսափելի պատերազմը կարճատև է լինելու, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
Պարբերականը զուգահեռներ է անցկացրել հայ-ադրբեջանական վերջնական կարգավորման երկու նախագծերի՝ ռուսական պլանի և «վաշինգտոնյան գործընթացի» միջև՝ պնդելով ամերիկյան տարբերակի առավելությունը։ Սակայն ամերիկացի վերլուծաբանները կանխատեսում են, որ խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և նոր պատերազմ կսկսվի։