Նույնիսկ այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետության մարզ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները գտնվում են ռուս-ադրբեջանա-թուրքական եռամիասնության կողմից բլոկադայի պայմաններում, և այս տոնական օրերին կտրված են աշխարհից, ես հավատում եմ ապագային։
Ես վստահ եմ, որ Հայաստանն ունենալու է պայծառ ապագա: Շատ հաճախ քննադատելով իմ ժողովրդին, ես չեմ դադարում հավատալ հայության ներքին ուժին և սպասում եմ ժողովրդիս զարթոնքին: Այդ հավատն ամրապնդում են Արցախի մեր քաջ համաքաղաքացիները` իրենց անկոտրում կեցվածքով:
Համոզված եմ, որ հենց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից է աշխարհը մտել նոր աշխարհակարգի ստեղծման փուլ: Հենց Հայաստանից է սկսվել մեր տարածաշրջանի ճարտարապետության վերաձևավորումը, և Հայաստանով էլ կավարտվի: 2020-ից սկսած, աշխարհը մտել է ձևափոխման 10 ամյակը, և առաջին հարվածը ստացանք մենք, մեր եղբայրները և մեր որդեկորույս մայրերը:
Աշխարհի վերաձևումն ավարտվելու է Ռուսաստանի անկումով, որից հետո հերթը կհասնի Իրանի հարաբերական ժողովրդավարացմանը և Թուրքիայի և Ադրբեջանի մասնատմանը: Սա սթափ վերլուծություն է, առանց էմոցիոնալ երանգների։
Առաջիկա 10 ամյակը կլինի մեր համար հաղթական, եթե հայության մտածող հատվածը քաղաքականապես դառնա ավելի կիրթ և դուրս գա ժառանգած քարոզչական նորմերից:
Իրականում, մենք դեռևս մնացել ենք 2020 թվականի` Ջրականի կրակային կարկուտների տակ: Մեզ համար չի բացվել 2021-ը, չի բացվել 2022-ը, ոչ էլ բացվում է 2023-ը: Եւ սա հոռետեսություն չէ, սա հոգեբանական վիճակի և քաղաքական իրավիճակի գնահատական է:
2024 թվականը դիմավորելու համար, հայության քաղաքական ադեկվատ հատվածը` զուգահեռ մեր ձեռքերը կապող կայսրության անկման հետ, պետք է կատարի հստակ քայլեր:
- Խամաճիկ Փաշինյանի վարչակազմի հեռացում,
- Ազգային-պետական գաղափարախոսության վրա հիմնված անցումային կառավարության ստեղծում,
- ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահների տեղակայում Հայաստանի (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի շփման գծի լայնությամբ,
- Ռուսական վերպետական և մոնղոլա-թաթարական միավորներից դուրս գալ, նոր դաշնակցային հարաբերությունների ստեղծում և բանակի վերազինման ու վերակառուցման ընթացքի սկիզբ` «Ազգ-բանակ» կոնցեպտի ներքո:
- Ներքին գործակալական ցանցի լյուստրացիա:
Միայն այս դեպքում մենք կկանգնեցնենք աղետը և զարկ կտանք զարգացմանը: Միայն այս դեպքում մենք առանց ամաչելու կայցելենք Եռաբլուր: Միայն այս դեպքում կճանապարհենք չարաբաստիկ 2020-ը և կդիմավորենք 2024-ը:
Սիրելի ժողովու՛րդ, պատրաստվեք ապստամբությանը և դեօկուպացիային:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից