Ամանորի ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ 2022 թվականին ուկրաինացիներն ընտրել են դիմադրությունն ու պայքարը, այլ տարբերակներ չկան, միայն՝ հաղթանակ։ «Այս տարին սկսվեց փետրվարի 24-ին, առանց նախաբանների և նախերգանքների, կտրուկ, ժամը 4-ին, մութ էր, աղնկոտ, շատերի համար դժվար էր, ոմանց համար՝ սարսափելի։ 311 օր է անցել, բայց մենք հաստատ այլևս երբեք չենք վախենա և երբեք չենք ամաչելու», ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ սա Ուկրաինայի և ուկրաինացիների տարին է։ «Փետրվարի 24-ին մենք արթնացանք։ Մենք ուրիշ ենք։ Ուրիշ ժողովուրդ։ Ուրիշ ուկրաինացիներ։ Առաջին հրթիռները վերջապես քանդեցին պատրանքների լաբիրինթոսը։ Մենք տեսանք, թե ով ով է։ Ինչի են ընդունակ ընկերները, թշնամիները և ամենակարևորը՝ ինչի ենք մենք ինքներս ընդունակ», ասել է պետության ղեկավարը։
Նա ընդգծեց, որ փետրվարի 24-ին միլիոնավոր ուկրաինացիներ ընտրություն կատարեցին՝ ընտրելով ոչ թե սպիտակ դրոշը, այլ կապույտ-դեղին դրոշը, ոչ թե փախուստը, այլ թշնամուն դիմադրությունն ու պայքարը։ «Մեզ ասացին, որ դուք այլ տարբերակ չունեք, քան հանձնվելը։ Մենք ասում ենք՝ մենք այլ տարբերակ չունենք, քան հաղթելը։ Փետրվարի 24-ին մենք սկսեցինք ստեղծել մեր հաղթանակը», ասել է Զելենսկին։
Նախագահը նշել է, որ ուկրաինացիները հաղթահարեցին խուճապը, կասկածները, հուսահատությունը, վախը և հավատացին իրենց և իրենց ուժերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին, հետախուզությանը, Ազգային գվարդիային, անվտանգության ծառայությանը, հատուկ գործողությունների ուժերին, սահմանապահներին, Տարածքային պաշտպանության ուժերին, ՀՕՊ, ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն՝ բոլորին։
Զելենսկին ասել է, որ 2022-ը չի կարելի անվանել Ուկրաինայի համար կորուստների տարի։ «Մենք ոչինչ չենք կորցրել, նրանք մեզնից խլել են: Ուկրաինան չի կորցրել իր որդիներին և դուստրերին, նրանց տարել են մարդասպանները: Ուկրաինացիները չեն կորցրել իրենց տները. դրանք ավերվեցին ահաբեկիչների կողմից։ Մենք չենք կորցրել մեր հողերը, այդտեղ մտել են զավթիչները», ասել է Զելենսկին։
Հատվածներ ՌԴ-թուրքեր համատեղ ագրեսիային ենթարկված մեկ այլ պետության՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ուղերձից․ «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»:
«Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»:
«… համաշխարհային և տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրավերները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրա, որովհետև այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրվա դիմակայունությունը և ապահովելու վաղվա բարգավաճումը»:
«… բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության»:
Փաշինյանի այս թեզերին դեռ կանդրադառնանք։