Ռուսաստանը մտահոգություն է հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ․ այսպիսի հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։
«Ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին», նշել է Զախարովան։
«Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները: Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ», ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ եւ մասնավորաբար նրա խոսնակը վաղուց վեր են ածվել պաշտոնական քարոզչական կեղծիքի ու աղբի տարածման առաջամարտիկների, իսկ հայերի դեպքում այդ ամենը բազմապատկվում է։ Այս հայտարարությունը դրա հերթական վառ օրինակ է, ստորության օրինակ։ Ով է փակել միջանցքը, ով է սադրանքներ իրականացնում՝ ՌԴ-ն պատրաստ է անգամ ինքնալուծարվել, բայց չմեղադրել Բաքվին։ Եվ ոչ միայն այս հարցում։ Քանի որ իրենց վրա էլ չեն վերցնում, մնում է մեղադրել հայերին, ինչը թե այս, թե նախորդ հայտարարություններում ընդգծված է։ Զիջումների գնացեք հանքավայրի հարցում, որ միջանցքը բացվի՝ հենց սրա համար է արվել հայտարարությունը։ Թեեւ, «ռուս խաղաղապահների գոտում», ըստ նոյեմբերի 9-ի թղթի, ոչ ոք իրավունք չունի պահանջներ դնել եւ ճանապարհ փակել։