ՌԴ-ն փոխում է Բերձորի միջանցքի ռեժիմը



Արցախում ռուս «խաղաղապահների» գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ հերթական հաղորդագրության մեջ ասվում է, որ «ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ»:

Միջանցք բառը, որը քաղաքական-իրավական կարգավիճակ է ենթադրում եւ արձանագրված է նոյեմբերի 9-ի թղթում, հաղորդագրության մեջ արդեն փոխարինված է ճանապարհ բառով։ Նշենք, որ ՌԴ-ն մինչ այժմ պաշտոնապես չի պահանջել բացել միջանցքը։ Ինչ վերաբերում է բանակցություններ անցկացնելուն, դա նշանակում է զիջումների պարտադրում հայերին։

Ամեն անգամ, երբ ռուսներն Արցախում Բաքվի հետ ձեռնարկում են հերթական ոճրագործությունը, հաղորդագրություններում փոխվում են նաեւ համապատասխան եզրերն ու ձեւակերպումները։ Միջանցք եզրի բացառումը տվյալ դեպքում հաստատում է այն պնդումները, ըստ որոնց ՌԴ-ն փոխում է միջանցքի ռեժիմը, եւ արդեն ճանապարհը, Ալիեւին Պուտինի շնորհած իրավունքով, պատրաստվում հանձնել Բաքվին։ Սկզբի համար կտեղադրվեն երկու համատեղ անցակետեր, որից հետո ռուսները դուրս կգան այդտեղից։ Միջանցքի շրջափակման Մոսկվա-Բաքու ակտը եւ պաշտոնական Երեւանի մասնակցությամբ բեմադրվող տեսարանները, ներառյալ ռուսների համար մանդատ մուրալն ու քաղաքական խնդիրը հումանիտարով նենգափոխելը, այդ նպատակն ունեն։


Բաքվի անցակետերը նշանակում են բեռների ու անձնագրային ռեժիմի ստուգումներ։ Դրան հետեւելու են «խաղաղ համակեցության» շրջանակում «Բաքվի իրավասության վերականգնման» գործողությունները, ինչի հետեւանքները չարժե մանրամասնել, դրանք հասկանալի են բոլորին։ Սա է տվյալ դեպքում Մոսկվայի ու Բաքվի համաձայնությունը, որոնք այսպիսով փաստացի չեղարկում են եռակողմ հայտարարությունը։

20 օրից ավելի միջանցքը շրջափակված է, հայկական վարչակարգերի ու նոմենկլատուրային ռուսանպաստ ընդդիմության կողմից որեւէ քաղաքական պահանջ չի հնչել՝ առաջինները զբաղված են կլոունադայով, երկրորդները՝ ռուսներին արդարացնելով, երկուսն էլ՝ բացառապես հումանիտար խնդիրների շրջանակում։

Մյուս կողմից, նկատելի է քաղաքացիական ակտիվիզմ, որը համարժեք պատկերացնում է իրավիճակի ողջ լրջությունը։ Հանրային համախմբումը թե քաղաքացիական, թե ինքնապաշտպանական առումներով այլընտրանք չունի։ Պուտին-Ալիեւ-Փաշինյանի բեմադրած կրկեսը շուռ է գալու իրենց դեմ՝ սեփական իրավունքներին տեր կանգնած հայերն իրենց աչքով են դա տեսնելու։

Հաստատ քեզ դուր կգա