Մի բան պետք է ասեմ, որը գուցե կզարմացնի շատերին



Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը

Advertising

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն աշխարհում ստեղծված իրավիճակի հետևանքն է։ Մենք գտնվում ենք մի փուլում, և դա 1990-ականների հաջորդ փուլն է։ Վերադասավորվելով, իրենց առջև դրված խնդիրները շարունակելու նպատակով աշխարհաքաղաքական կենտրոնները նոր ակտիվություն են ցուցաբերում, և այդ նոր ակտիվության արդեն 5-րդ տարին է, որի հետևանքով մենք՝ որպես քաղաքական միավոր, հայտնվել ենք լուսանցքում։ Մեզ մոտ ինքնուրույն քայլեր անելու հնարավորությունները փոխարինվել են ինքնուրույն քայլերի իմիտացիայի, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների միջոցով։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, հայտնվելով ժողովրդի կողմից լիարժեք աջակցություն չունենալու իրավիճակում, խուսանավում են՝ մի կողմից երկրի ներսում իրենց իշխանությունը պահելու համար, մյուս կողմից կատարում են աշխարհաքաղաքական կենտրոնների հանձնարարությունները։

Advertising

Ընդ որում, հաճախ փոփոխում են իրենց «ինքնուրույն» գործունեության վեկտորը՝ ըստ աշխարհաքաղաքական վեկտորների ուղղության։ Այսինքն՝ եթե Հայաստանի մասշտաբից ու խնդիրներից ելնելով՝ տարիներ առաջ կարելի էր պնդել, որ Հայաստանը հնարավորություն ունի աշխարհաքաղաքական վեկտորների նկատմամբ իր հարթությունը փոխելով՝ ի շահ Հայաստանի հավասարակշռել այդ վեկտորները, ապա այսօր այդ հնարավորությունները հասել են նվազագույնի։ Ընդ որում, զուտ այն պատճառով, որ Հայաստանը որպես պետություն սեփական ռեսուրսները չի կարողացել և շարունակում է չկարողանալ համախմբել՝ որոշակի կրիտիկական էներգիա ունենալու համար, որպեսզի իսկապես խուսանավի աշխարհաքաղաքական պրոցեսներում։

Եվ եթե, ինչպես եղավ 1900-ականներին, չկարողանան առավելագույն արդյունքի հասնել, որն Արցախի դե ֆակտո վերամիավորումն էր Հայաստանի հետ և դե յուրե Ադրբեջանից անկախ կարգավիճակը, ապա այսօր Արցախը շարունակում է մնալ, ինչպես եղել էր 1988-ից առաջ, զսպման մեխանիզմ Հայաստանի ու Ադրբեջանի վրա։ Ընդ որում, ավելի շատ Ռուսաստանի կողմից, բայց ոչ միայն Ռուսաստանի կողմից․ անկախացումից հետո նաև այլ կենտրոնների կողմից։ Այսօր այդ երևույթը շարունակվում է, բայց Հայաստանի իշխանությունները չկողմնորոշվելով իրենց դիրքորոշման մեջ՝ Արցախը Հայաստանի Հանրապետության մա՞ս է, թե անկախ պետություն, ստիպված ուղղակիորեն համաձայնվում են կարգավիճակի հարցով, բայց անուղղակիորեն հրաժարվում են Արցախի իրավունքները որևէ կերպ պաշտպանելու խնդրից։ Իրավիճակը սա է։

Ի՞նչ պետք է անել, ի՞նչ հնարավորություններ կան։

Մի բան պետք է ասեմ, որը գուցե կզարմացնի շատերին։ Մի քանի ամիս առաջ սկսված այս վիճակը մի բանով եմ դրական համարում, որ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այլևս ինքնուրույն ոչ մի հարց չի որոշում։ Ինչո՞ւ եմ դա դրական համարում, որովհետև նախորդ տարիների Հայաստանի իշխանությունների վարքագիծն ավելի վնասաբեր ու վտանգավոր էր այն իմաստով, որ այս կամ այն կենտրոնի կարծիքի հետ համաձայնելով, նաև փաստաթղթեր ստորագրելով՝ ավելի վատթար իրավիճակի էին բերում։ Բայց հիմա Հայաստանի ու Արցախի ընդհանուր հարցը կարծես անկախացել է Հայաստանի իշխանության կարծիքից։ Իմ կարծիքով՝ միջազգային քննարկումները, որոնք ընթանում են տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի ու Արցախի հարցի վերաբերյալ, կարող են ավելի հավասարակշիռ լինել, քան երբ դրան գումարվում էր Հայաստանի պաշտոնական անհավասարակշիռ տեսակետի ազդեցությունն ընդհանուր գործընթացի վրա։

Ինձ համար էլ է զարմանալի այդ եզրակացությունը, բայց ես կարծում եմ, որ ավելի հավասարակշռված վիճակների ենք հիմա հանգում, քան դա լինում էր, երբ Հայաստանի իշխանություններն ակտիվ միջամտում էին մեր տարածաշրջանի գործընթացներին։ Եվ դա ինչ-որ տեղ արտահայտվում է նրանով, որ մեր ոգևորված ղեկավարն այնուամենայնիվ ասում էր, որ պետք է մինչև տարվա վերջ ստորագրվեր «խաղաղության պայմանագիր»՝ իր բոլոր անորոշություններով ու մարտահրավերներով հանդերձ, բայց որևէ փաստաթուղթ ստորագրելու գործընթացը հիմա հետաձգվում է անկախ մեր կարծիքից։

Ճիշտ է, արտաքին ուժերը շարունակում են Արցախի ժողովրդի, իշխանությունների միջոցով սեփական ծրագրերն առաջ տանել, բայց այդ առաջ տանելու խնդիրն արդեն ավելի շատ կախված է այդ աշխարհաքաղաքական կենտրոնների ներքին ոչ բացահայտ քննարկումների հետ և դրա արդյունք է հանդիսանում, քան Հայաստանի «ցանկությունների»։ Հայաստանի իշխանությունները դադարել են ներկայացնել Հայաստանի ժողովրդի կարծիքը, ներառյալ՝ Արցախի ու արցախցիների կարծիքը։ Իմ կարծիքով՝ նույնիսկ արտաքին ուժերն արդեն լուրջ չեն ընդունում Հայաստանի տեսակետները, երբ ասում եմ Հայաստան, Արցախը ներառյալ։ Հայաստանի իշխանությունների կարծիքն արդեն քչերն են լուրջ ընդունում, բացահայտ փորձում են օգտագործել որպես գործիք, բայց այլևս մեծ հույսեր չդնելով դրա վրա։