Փորձում են ճնշման միջոցով հասնել «Զանգեզուրի միջանցք»-ին, ՌԴ-ն բախվել է Հայաստանի հատու դիմադրությանը. Ահա թե ի՞նչ կարևոր վերլուծություն է անում Խալաթյանը



Փաստաբան, իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանի նկատառմամբ՝ ակնհայտ է, որ Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի արդյունքների հնարավոր կապիտալիզացիայի մղումով, որտեղ, ըստ էության, մենք ականատես ենք լինում նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս Ադրբեջանի առաջ տարվող պահանջների հետ:

Advertising

«Այստեղ առանցքայինը, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրն է: Ալիևը հավատարիմ է մնում իր այն հայտարարություններին, ըստ որի, եթե հայկական կողմը ցանկանում է Արցախի հետ անխափան կապ ունենալ Լաչինի միջանցքով, նույնպիսի կարգավիճակ պետք է ունենա «Զանգեզուրի միջանցք»-ը: ՀՀ իշխանությունն էլ ասում է՝ այդպես չի կարող լինել: Ադրբեջանն էլ նպատակին հասնելու համար դիմում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների՝ ուժի բացահայտ ցուցադրմամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նաև նկատում է՝ իրականում այսպես ճնշում է գործադրվում Հայաստանի և Արցախի վրա՝ փորձ կատարելով ԼՂ-ին հակադրել Հայաստանի դեմ և լրացուցիչ ճնշման միջոցով հասնել նրան, որ ՀՀ-ն զիջի «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում. «Այս ուրվատեքստում, իհարկե, ուշագրավ է Հայաստանի դերակատարումը: Փաստորեն, այսօր մենք ունենք հստակ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը և Ռուսաստանը տարբեր կարգավիճակներով խախտում են եռակողմ հայտարարության 6-րդ կետը»:

Advertising

Ըստ նրա՝ բացասական ընկալում ունեն նաև Ռուսաստանի պաշտոնական շրջանակների արձագանքներն այս հարցի վերաբերյալ, քանի որ կեղծ բնապահպանների ակցիան փորձ արեցին լեգիտիմացնել:

«Լաչինի միջանցքի փակվելը նրանք ներկայացրին որպես երկկողմանի տարաձայնություն Արցախի բնական պաշարների օգտագործման մասով: Այս առումով Հայաստանի դիվանագիտությունը, հետևողական աշխատանք տանելով, միջազգային արձագանք տվեց տեղի ունեցող իրադարձություններին, որի գագաթնակետը ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցի քննարկումն էր, բացարձակ մեծամասնության պրոհայկական դիրքորոշման ձևակերպումը և, իհարկե, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որով, փաստորեն, պարտադրվեց Ադրբեջանին չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանն Արցախ: Ի վերջո, ադրբեջանական ճնշումները ռուսական կողմի թողտվության և անգործության արդյունքն են»,- կարծում է նա:

Ադրբեջանն այսօր պատային իրավիճակում է, ասում է զրուցակիցը՝ նկատելով՝ Հայաստանը, իր թիկունքում զգալով արևմտյան գործընկերների և բարեկամների քաղաքական և դիվանագիտական աջակցությունը, արդեն ավելի հաստատակամ է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ հանդիպումերի մերժման հարցում, քանի որ դրանք լինելու են ուժային ճնշման պայմաններում, որի ժամանակ պարտադրվելու են որոշակի լուծումներ. «Սպառնալիքների և շանտաժի պայմաներում բանակցելն անիմաստ է: Եվ քանի դեռ Լաչինի միջանցքում այս իրավիճակն է, Հայաստանի ամբողջ դիվանագիտական ջանքն ուղղված է դրա անխափան երթևեկության վերականգմանը»:

Խալաթյանը կարծում է, որ, ըստ էության, Պուտինը փորձ է անում պահպանել հակամարտության մոդերատորի կարգավիճակը, և այս առումով այդ հանդիպումներն ավելի մեծ նշանակություն ունեն ռուսական կողմի համար:

«Բոլոր դեպքերում սա այն չէ, ինչ ակնկալում էին ռուսները, նրանք բախվել են Հայաստանի հատու դիմադրությանը, քանի որ հայկական պաշտոնական շրջանակներն էլ արդեն անթաքույց հայտարարություններով ասում են՝ Հայաստանին փորձում են պարտադրել անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը և տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»»,- ասում է նա:

Զրուցակցի կարծիքով՝ կազմակերպվող հանդիպումները արարողակարգային նշանակություն են ունենալու. «Գործնականում արտգործնախարարների հանդիպումը չկայացավ, այսինքն՝ բարձրագույն մակարդակով հանդիպման համար չձևավորվեց օրակարգ, որից էլ պարզ է դառնում՝ սպասվելիքը քաղաքավարական և արարողակարգային բնույթ է ունենալու, ու որևէ առաջընթաց դժվար թե լինի»: