Երկար սպասված լուրը Փարիզից. Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է ռազմական օգնություն ցուցաբերել ՀՀ-ին եւ Արցախին



Ցեղասպանության նոր ակտն Արցախում եւ ոտնձգությունը ՀՀ ողջ տարածքի հանդեպ հակադարձման չարժանացավ Նիկոլի կառավարության կողմից եւ նրան օժանդակող ռուսանպաստների շրջանում։ ՀՀ կառավարությունը շարունակում է Ռուսաստանին դիմումների կլոունադան եւ չի դիմում կոլեկտիվ պաշտպանության այլ եղանակների, որոնք նախատեսված են ՄԱԿ կանոնադրությամբ։ Փոխարենը եկավ վաղուց սպասված լուրը Փարիզից

Advertising

Ֆրանսիայի առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդները համատեղ բաց նամակ են հրապարակել Le Monde օրաթերթում՝ երկրի նախագահին կոչ անելով միջամտել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

«Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը դա Ֆրանսիան և Ասիային ու Մերձավոր Արևելքին կապող ճանապարհներն են (սկսած Ժակ Կյորի, Ռիշելյեի և Կոլբերի ժամանակներից), մեր տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, առաջին սրճարանը Փարիզում, Սուեզի ջրանցքը, Ֆրանսիայում որդան կարմիրի և ծիրանի հայտնվելը, մեր ժողովրդական պարահանդեսների ակորդեոնը։ Ֆրանսիան և հայերը մեր դրոշի տակ Մեծ պատերազմում կռվող հայ լեգիոնն է, Դիմադրության շարժման՝ ընդդեմ բարբարոսության ըմբոստացած հերոս Միսաք Մանուշյանի ինքնազոհաբերումը», ասվում է հայտարարության մեջ։

Advertising

Իզուր չէ, որ Ֆրանսիան հիշեցնում է Սուեզի ջրանցքը, որի նախաձեռնողն ու իրականացնողն էր Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան՝ Նուբար Նուբարյանը, ով համոզեց Բրիտանիային և Ֆրանսիային ջրանցք անցկացնել և Եգիպտոսում իր վարչապետության 11 տարին նվիրեց այս մեծ գործին։ Նուբար Նուբարյանը մահացել է Փարիզում։

«Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին»,- ասված է հայտարարության մեջ։ Քաղաքական գործիչները հիշեցնում են, որ Ֆրանսիայի Սենատը, բացառությամբ մեկ ձայնի, և Ազգային ժողովն այս տարվա նոյեմբերին միաձայն ընդունել են Հայաստանին սատարող բանաձևեր, որոնք 2020 թվականի նոյեմբերին ընդունված առաջին բանաձևերի շարունակությունն էին։ Բանաձևեր՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման իրավունքի այն հողում, որտեղ նա ապրել է հնագույն ժամանակներից, ասված է հայտարարության մեջ։

«Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար՝ ձեռք առնելով հետևյալ միջոցները.

– Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

– Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

– Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

– Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

– Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

– Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով», ասվում է նամակում:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմել Ֆրանսիային՝ ռազմական օգնության համար։ ՀՀ, Արցախը ներառյալ, զինված ուժերը պատրաստ պիտի լինեն համադրել պաշտպանական ջանքերը օտար ցանկացած զորախմբի հետ։

Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարների նամակի կապակցությամբ քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը փոխանցեց հետեւյալը․ «Ֆրանսիայի քաղաքական վերնախավի դիմումը Էմանուել Մակրոնին կազմված է այնպես, որ ենթադրում է հանրապետության նախագահի այս կամ այն չափով դրական պատասխան, կարծում եմ՝ ՀՀ եւ Արցախի տեղական իշխանությունների պաշտոնական դիմումի ակնկալիքով։ Ենթադրում եմ՝ հղում է արվելու նաեւ 2009 թ․ Աքվիլայի քառակողմ հայտարարությանը, որով Արցախի եւ նրա ու ՀՀ կապի տարածքները ենթակա են նվազագույնը ժամանակավոր կարգավիճակի՝ Բաքվի պետական իրավասությունից դուրս»։