2022 թվականի դեկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հոթելում հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ընդունվել է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ա) Մենք՝ Կլոր սեղանի մասնակիցներս, դիմում ենք Արցախի ղեկավարությանը` պահանջելով օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները՝ դիմելու ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո հավելյալ խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցով՝ հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները ոչ լիարժեք կատարելն ու անվտանգության ապահովման ձախողումը։
բ) Դիմում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ա. Վոլկովին՝ պահանջելով հանդիպում՝ հասարակության լայն շրջանակների մոտ լուրջ անհանգստություն առաջացրած և 2020թ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով։ Կլոր սեղանի մասնակիցները որոշեցին, որ անհրաժեշտ է հանդիպմանը ներգրավել պետական (հանրային) հեռուստատեսությանը, ռադիոյին և այլ ԶԼՄ-ների, ինչպես նաև ուղիղ հեռարձակում ապահովել համացանցում։
Ելնելով իրավիճակի սրությունից՝ գեներալ Ա.Վոլկովին տրվում է 48 ժամ՝ հետևյալ հասցեում հանդիպման կոնկրետ օր նշանակելու համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, «Արմենիա» հոթել։