Մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։
«Իսկ վաղը կծագի նաև Բելառուսի հարցը։ Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող այդ տարածքի անվտանգության մասին մտածել սոսկ ՆԱՏՕ-ի պրիզմայով: Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, նկատի ունեմ երաշխիքներ այս բոլոր երկրների համար, հենց մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջարկների հասցեին արված քննադատությանը։ «Թող մարդիկ ինձ բացատրեն, թե ինչպես են ցանկանում գործել:
Ի վերջո, անհրաժեշտ կլինի բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և թող բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, որոնք ինձ բարոյականության դասեր են տալիս, բացատրեն, թե ում հետ են նստելու սեղանի շուրջ: Չեմ ցանկանում, որ ապագայում բանակցությունները վարեն միայն չինացիներն ու թուրքերը»,- ասել ՝ նա։ Այնուամենայնիվ, ձգտելով ցրել դաշնակիցների շրջանում իր հայտարարություններից առաջացած տարըմբռնումները, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, ամենից առաջ, հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության և հաղթանակի» ռազմավարությանը, ինչը կամրագրվի հակամարտությունից հետո հաշտության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար երաշխիքներին, ապա դա, ըստ Մակրոնի, «առաջնահերթություն չէ»։
«Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մակրոնի հայտարարություններին նշեց.«Պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ոչ միայն մեզ բարեկամ երկրի ղեկավարի հայտարարություն է, այլ նաև մի երկրի, որը Գերմանիայի հետ շատ առումներով ԵՄ գործունեության հիմնական ուղղությունների որոշողներից է։ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների կարծիքներն ամենավճռորոշն են։
Պրակտիկան ցույց է տալիս, որ ԵՄ մնացած 26 երկրներն ընդունում են նրանց տեսակետը և հրապարակայնորեն սկսում են իրականացնել նրանց կամքը։ Ֆրանսիան և Գերմանիան դե ֆակտո որոշում են, թե ով պետք է ղեկավարի Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը։ Սա է ԵՄ-ի իրականությունը։ Եվ եթե այսօր ԵՄ առանցքային դեմքերից մեկը՝ Ֆրանսիայի ղեկավարը, խոսում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են, բացի Ուկրաինայի անվտանգությունն ապահովելուց, աշխարհը պետք է մտածի նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի անվտանգության ապահովման մասին, ապա սա. դա շատ լուրջ է, և դա ԵՄ գրեթե բավարար թվով երկրների մտադրությունն է»,-նկատեց նա։
Բացի այդ, ըստ Օհանջանյանի, Մակրոնի հայտարարությունը հաստատում է այն տեսակետը, որ աշխարհը սկսել է կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն.«Եվ այն կկառուցվի այնպես, որ ապահովի Ռուսաստանին աշխարհագրորեն շրջապատող երկրների անվտանգությունը, որը չի թաքցնում նրանց նկատմամբ իր էքսպանսիոնիստական մտադրությունները՝ կայսրությունը վերականգնելու համար։ Մակրոնի առաջարկները թելադրված են մարդկության անվտանգ գոյության իրողություններով, և ես ավելի քան վստահ եմ, որ նրա գաղափարները կյանքի կկոչվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները միանգամայն տրամաբանական են. «Մակրոնի թվարկած երկրները գտնվում են Ռուսաստանի ազդեցության տիրույթում, այսինքն՝ ՌԴ ղեկավարությունը հետխորհրդային տարածքը դիտարկում է որպես իր անմիջական շահերի իրագործման տարածք։ Դա Միութենական պետություն ստեղծելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է, որը դեռևս Բելառուսի հետ լիարժեք իրողություն չի դառնում։ Ուստի Մակրոնն ամփոփեց այն, ինչ բոլորը գիտեին, բայց այդ մասին չէին բարձրաձայնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Կստանա՞ն այն պետությունները անվտանգային երաշխիքներ, Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանի պարագայում կախված է ՀՀ իշխանություններից.«Այս պահի դրությամբ ՀՀ իշխող ուժը լիովին այլ կերպ է իրեն դիրքավորում՝ այսինքն որպես ՌԴ հավատարիմ գործընկեր։ Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է իշխանության, որևէ միջազգային երաշխիք Հայաստանը չի կարող գործածել մեր ազգային հարցերում»,-եզրափակեց նա։