Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ բանակցած Սերգեյ Լավրովը բավականին կոշտ հռետորաբանությամբ է արտահայտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս բարձրաձայնած առաջարկի կապակցությամբ, կապված Լաչինի միջանցք ԵԱՀԿ կամ ՄԱԿ փաստահավաք առաքելություն ուղարկկելու անհրաժեշտության մասին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում: Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
Եթե կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երևի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու և կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և այլ տարբերակի մասին մտածելու օգտին», հայտարարել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի ակնարկում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայն չեն Հայաստանի առաջարկած տարբերակին ու լինելու են դրան դեմ: Հետո Լավրովը հայտարարել է, թե առանձին հարց է նաև, թե որքանով են այդ այլ կառույցները կամ երկրները ապահովելու որևէ բան, որ կերաշխավորեն: Նա բերել է Ուկրաինայի 2014 թվականի օրինակը, Յանուկովիչ-ընդդիմություն համաձայնության, որ ըստ Լավրովի երաշխավորել է Արևմուտքը, իսկ հետո չի ապահովել դրա իրագործումը:
«Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն և խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար», բավականին կոշտ հայտարարել է Լավրովը: Նրա հայտարարությունների կոշտությունը խոսում է այն մասին, որ Երևանի առաջարկը իսկապես բավականին նյարդայնացրել է ՌԴ արտգործնախարարին: Դա նշանակում է, որ կա առաջարկի ընդունման հավանականությու՞ն: Բայց չէ՞ որ դա չի կարող լինել առանց Ադրբեջանի, ինչպես Լավրովն ինքն էլ ակնարկում է: Թե՞ Ռուսաստանի արտգործնախարարը այդքան էլ համոզված չէ, որ Ադրբեջանը կարող է լինել դեմ:
Բայց, եթե Ադրբեջանը չլինի դեմ, դա կնշանակի, որ համաձայն է Երևանի առաջարկին, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը համոզված է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողի հարցում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունները չեն վնասի իր շահը, այլապես Ադրբեջանը ինչպե՞ս կողմ կլինի այդպիսի փաստահավաքության: Հակառակ դեպքում, կրկնեմ, Ադրբեջանը կլինի դեմ, հետևաբար նյարդայնանալու ի՞նչ պատճառ ունի ՌԴ արտգործնախարարը: Թե՞ նյարդայնության պատճառն այն է, որ վարչապետ Փաշինյանի բարձրաձայնումը ՌԴ դեմ խաղարկելու համար օգտագործել է Ադրբեջանը, ինչի համար էլ Լավրովը զայրացած է, թե հայտարարելուց առաջ պետք էր խորհրդակցել:
Բոլոր դեպքերում, Լավրովի հայտարարությունների տոնայնությունը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բավականին լարված իրադրության մասին, ինչը թերևս հերթական անգամ վկայում է, որ հանքարդյունաբերությունը, ինչին պարբերաբար հղում է անում նաև Մոսկվան, գործնականում առիթ է, ծածկոց, որի տակ ծավալվում է իրական պայքարը ռեգիոնալ հաղորդակցությունների, մասնավորապես Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցության ճանապարհների շուրջ, արդեն շատ հայտնի տրամաբանությամբ: Ընդ որում, ի՞նչն է արժանի ուշադրության:
Նոյեմբերի վերջին Հայաստանում ՀԱՊԿ Վեհաժողովի օրը զրուցելով ՌԴ նախագահ Պուտինի հետ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ դրական ազդակ է ստացել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի առնչությամբ: Պուտինը Երևան ժամանելու նախօրեին հեռախոսազրույց էր ունեցելլ Ալիևի հետ: Սակայն, հատկանշական է, որ ընդամենը տասն օր անց՝ դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանը սկսեց «բնապահպանական» պատրվակն ու առաջին անգամ փակեց լաչինի միջանցքը երեք ժամով: Ինչու՞ և ինչպե՞ս դրական ազդակները երկու շաբաթվա ընթացքում մտան Լաչինի «փակուղի»: