Ինչ է կատարվում Նախիջևանում. անսպասելի հրաժարականն ու Ալիևի նոր որոշումը



Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը սահմանել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտ, նշանակելով իր ներկայացուցչին՝ Ֆուադ Նաջաֆլիին: Ըստ Ալիևի հրամանագրի, Նաջաֆլին փաստացի դառնում է Նախիջևանի ղեկավար: Դե ֆակտո նրան են ենթարկվելու ինքնավար հանրապետության պետական և ՏԻՄ ինստիտուտները, ըստ հրամանագրի համաձայնեցնելով իրենց գործողությունները նախագահի լիազոր ներկայացուցչի հետ:

Իլհամ Ալիևի այդ որոշումը ինքնին լինելով ուշադրության արժանի, առավել հետաքրքրական է դառնում երկու օր առաջ եղած տեղեկության ֆոնին: Հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի ինքնավար հանրապետության երկարամյա ղեկավար Վասիֆ Թալիբովը: Ընդ որում, նա ոչ թե ինքն է ներկայացրել հրաժարականի տեքստը, այլ տեքստը ընթերցել է նրա օգնականը: Իսկ հրաժարականի պատճառները հայտնի չեն:

Ըստ ամենայնի, Ալիևի հրամանագիրը՝ Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին է, որը փաստացի լինելու է ինքնավար հանրապետության ղեկավարը, որոշակիորեն «բացում» է փակագիծը, թե ինչու է հրաժարական ներկայացրել Թալիբովը:


Կամ նրանից ինչ-ինչ պատճառներով դժգոհ է եղել Ալիևը, կամ Թալիբովը դժգոհ է եղել իր գլխին դե ֆակտո վերադաս՝ նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակելու ալիևյան որոշումից: Առանցքային է իհարկե հարցը, թե ինչն է Ալիևի այդ որոշման մոտիվը, այն զուտ ներադրբեջանական-ներկլանայի՞ն է, թե՞ ունի արտաքին քաղաքական և անվտանգային ռեգիոնալ երանգներ ու Ալիևը փորձում է այդ համատեքստում էապես բարձրացնել իր համար Նախիջևանի կառավարելիությունը:

Հաստատ քեզ դուր կգա