Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն. Ահա թե ինչի՞ մասին է հայտնում Սասուն Միքայելյանը



Արցախն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակման մեջ է: Ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լաչինի միջանցքը: Շուրջ 120.00 արցախցի շրջափակման մեջ է:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:

Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։


Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի,ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն:

Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից:

Ի՞նչ միտում եք տեսնում.

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի:

Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել

Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերոդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում:

Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնամխելիության համար։

Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն:Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու համար:

Կոնկրետ ի՞նչ քայլեր են անում սահմաններին ստեղծված այս բազմաթիվ խնդիրները լուծելու համար.

Ես չեմ կարող դա ասել: Մենք՝ երկրապահներս, 44-օրյա պատերազմից մինչ այսօր սահմաններին ենք, կանգնած ենք զինվորի կողքին, բանակի կողքին;

Պարո՛ն Միքայելյան իսկ այս պայմաններում, երբ թշնամին կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, Արցախի մեր հայրենակիցներին արդեն 10 օր շրջափակման մեջ է պահում, դուք արդիական համարո՞ւմ եք իշխանությունների առաջ քաշած «խաղաղության օրակարգը».

Թշնամին մեզ հետ ուժի տեսանկյունից է խոսում, թքած ունի դիվանագիտության վրա: Ո՞նց կարող է արդիական լինել, եթե կրակում է սահմաններին: Մենք պետք է սթափվենք, համախմբվենք, բանակը զինենք: