Մոսկվան բացեց խաղաքարտերը․ Ահա թե ո՞վ է փակել Բերձորի ճանապարհը



Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ խոսնակներն անդրադարձել են կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ռուս «խաղաղապահները» դե ֆակտո չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պեսկովն ու Զախարովան միաբերան հայտարարել են, որ ռուս «խաղաղապահները» Լեռնային Ղարաբաղում գործում են ստորագրված համաձայնագրերի համաձայն եւ կատարում են Բերձորի միջանցքի վերահսկողության գործառույթը։

Երեկ այս առումով երկու նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի միջանցքի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, թե ճանապարհը մասնակի բաց է, եւ հայկական կողմի հետ համաձայնեցվում են Բաքվի այսպես կոչված էկոմասնագետների՝ հանքավայրեր այցելելու պարամետրերը։ Դրանից հետո տարածվեց տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ ճանապարհը վերահսկում են Բաքվի ուժային կառույցների աշխատակիցները․ ռուսական բեռնատարները մոտենում են եւ խնդրում բաց թողնել իրենց, մերժում են ստանում ու անմիջապես շրջվում-հեռանում։

Հետ ենք դառնում՝ հրահանգում է ռուսական շարասյան ավագը։ Այս արտահայտությունը շուտով «մարգարեական» կդառնա։


Նկատենք՝ Կրեմլը, ՌԴ ԱԳՆ-ն չեն պահանջում բացել ճանապարհը համաձայն ստորագրված փաստաթղթերի, ավելին՝ չեն հայտարարել, թե ով է փակել ճանապարհը։ Ավելին, չեն հակադարձել Բաքվի հայտարարություններին, ըստ որոնց՝ ռուս «խաղաղապահներն» են փակել ճանապարհը։ Գուցե այն պատճառո՞վ, որ իսկապես ռուսներն են փակել, Բաքվի հետ համաձայնեցված, հայերին ինչ որ բան պարտադրելու համար, բայց դա չի ստացվել, եւ Բաքուն հիմա դժգոհում է։ Հնարավոր է, բայց այդ դեպքում հարկ կլինի հայտարարել, որ հայերն են փակել ճանապարհը։ Դատելով Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ խոսնակների հայտարարություններից, դա էլ հնարավոր է, ընդ որում՝ Բաքվի հետ համատեղ հայտարարությամբ։

Օգոստոսին Բերձորի միջանցքի ռեժիմի փոփոխությունից, Բերձորի եւ Աղավնոյի հայ բնակչության տեղահանությունից հետո Ռուսաստանը Հայաստանի դեմ կանգնել է ուղիղ, իր դեմքով, եւ այլեւս հնարավոր չէ քողարկվել ցապար ցեղերի հետեւում, որքան էլ Հայաստանում դեռ «խաղաղապահների հեղինակության» հարցով մորմոքվողներ կան։ Մոսկվան արդեն չի էլ փորձում՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի, Կրեմլի եւ ԱԳՆ խոսնակների հայտարարությունները դրա վկայությունն են։

Միեւնույն ժամանակ, որքան էլ շատերի համար զարմանալի հնչի, նրանք ասում են ճշմարտությունը՝ ռուս «խաղաղապահներն» իսկապես կատարում են իրենց պարտավորություններն Արցախում՝ Հայաստանի հետ կապի խզումը, ճանապարհի վերահսկողության հանձնումը Բաքվին, Արցախի ինտեգրումը «ադրբեջանին»։ Մնացածը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան կլոունադաները, Բերձորի ճանապարհին շարունակվող «խաղաղապահ-էկոակտիվիստ» բեմադրությունները կոչված են ապահովել սահուն ընթացքը՝ հայ ժողովրդի դիմադրությունը կանխելու նպատակով։

Հաստատ քեզ դուր կգա