Ժամանակին կանգնեցրեցինք «Կոլցո» օպերացիան՝ օգտագործելով այս մեխանիզմը. նման քայլը կստիպի ՌԴ-ին մտածել Արցախում իր պահվածքի մասին



«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Advertising

-Պարոն Օհանջանյան, շուրջ տաս օր է, ինչ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական ակցիաների ներքո փակ են պահում Լաչինի միջանցքը՝առաջացնելով հումանիտար ճգնաժամ Արցախում։ Ռուս խաղաղապահները լուռ հետևում են իրավիճակին, իսկ Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետներն ասում են՝ Բաքուն միտումնավոր է սադրում, որ խաղաղապահներն ուժ կիրառեն, նրանք էլ կարողանան դնել խաղաղապահներին դուրս բերելու հարցը։ Կիսու՞մ եք այս տեսակետը։

–Ռուսական օկուպացիոն զորքերի գործունեությունը Արցախում լկտի եմ գնահատում։ Այս մակաբույծներն Արցախում պարզապես ժամանակ են սպանում։ Իրականում նրանք չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները։ Ռուս քաղաքագետները մեծ մասամբ նույնքան պարզունակ և անկիրթ են, որքան նրանց գաղափարախոսները: Բավական է կարդալ պայմանագիրը, որը թույլ է տվել նրանց սողոսկել Արցախ և պարզ է դառնում, որ նրանք պարզապես պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, նույնիսկ եթե անհրաժեշտ է զենքի կիրառմամբ։ Նրանց պարտքն է ապահովել մեր անվտանգ բնակությունն ու տեղաշարժը։ Ինչ վերաբերում է նրան, որ ռուսները վախենում են, որ ուժի կիրառման դեպքում Բաքուն կարող է ստիպել իրենց լքել իրենց տեղակայման գոտին, ապա ասեմ, որ Բաքուն ապրիորի չի կարող նման քայլ անել մինչև առաջին ժամկետի ավարտը։ Թող ռուս քաղաքագետները ուշադիր կարդան Հայաստանի ղեկավարության պարտադրած պայմանագիրը.

Advertising

-Նշվում է նաև, որ խաղաղապահները չունեն միջազգային մանդատ և հետևաբար ինչ-որ բան անելու լիազորություն չունեն. արդյոք այդպես է։

–Ռուս խաղաղապահները մեր տարածքում են այն երեք երկրների ղեկավարների համաձայնությամբ: Ուստի սա այս երեք սուբյեկտների գործող օրենքն է, և դրա համար միջազգային մանդատ ստանալու կարիք չկա։ Այլ բան է, որ Հայաստանին պարտադրված այս պայմանագիրը հակասում է միջազգային իրավունքին, քանի որ միջազգային իրավունքի համաձայն՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, և բանակցություններում քննարկվել է խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, բայց համաձայնեցված չի եղել, ինչպես հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացը։ Հաջողության դեպքում, ինչը տեղի չունեցավ, ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է հաստատեին միջազգային խաղաղապահ ուժերի մանդատը։

-Ինչո՞ւ են Արցախի պաշտոնյաները ակցիա իրականացնում ՄԱԿ գրասենյակի առջև և ոչ ՌԴ դեսպանատան։

-Այդ հարցը պետք է ուղղել նախագահին և նորաթուխ պետնախարարին, բայց ոչ ինձ։ Նախքան ինքնաբուխ, չմտածված, զգացմունքային գործողություն կատարելը, անհրաժեշտ է հաշվարկել օգուտները։ Մեծ հաշվով ի՞նչ օգուտ այս անարժեք ացկիաներից։ Կրկնում եմ՝ պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք կազդեն միջազգային միջկառավարական կառույցների վրա կամ ողջ Ռուսաստանի վրա։ Օրինակ, ես վերջերս ձեզ ասացի, որ մենք բոլորս պետք է դիմենք համաշխարհային հանրությանը ողջ Արցախի ժողովրդին քաղաքական ապաստան տրամադրելու կոչով։

Ժամանակին մենք կանգնեցրեցինք «Կոլցո» օպերացիան՝ օգտագործելով այս մեխանիզմը: Նման քայլը և՛ Ռուսաստանին կստիպի մտածել իր պահվածքի մասին այստեղ՝ Արցախում, և՛ Հայաստանին, որի իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Ղարաբաղի հանձնման համար և պետք է հոգ տանեն, թե ինչպես պատսպարեն 120000 փախստականների՝ յուրայինների զանգվածային արտահոսքի դեպքում։ ։ Եվ դրա համար հիմա Հայաստանի իշխանությունները՝ վարչապետը, արտաքին գործերի նախարարության կառույցները և խորհրդարանը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ապաշրջափակեն Արցախի ճանապարհը, և որ Ադրբեջանը հետագայում չհամարձակվի գնալ նման սադրանքների։