Ռուսական զորքերի դուրսբերում․ Ինչ է առաջարկել Չինաստանը ՀՀ Գլխավոր շտաբում



Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Չինաստանի դեսպան Յուն Ֆանի հետ քննարկել է խաղաղապահ ոլորտում համագործակցությունը։

Advertising

Մոսկվայի համար ավելի ու ավելի է դժվարանում բացատրել Արցախում ռուսական զորակազմի ներկայությունը և արցախյան հիմնախնդրի քննարկման արգելափակումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ օրինական հարթակներում՝ միջազգային լեգիտիմ խաղաղապահ ուժերի ներգրավմամբ։ Ռուսաստանը շանտաժով ու սպառնալիքներով Հայաստանի և Արցախի իշխանություններին ստիպում է ՄԱԿ-ի մանդատ մուրալ իր զորակազմի համար։

Ռուսաստանին ոչ ոք մանդատ չի տա, և Հայաստանի ղեկավարության՝ Մոսկվայի հրահանգով մանդատ մուրալը միայն հաստատեց, որ մեկ քայլ է մնում մինչև Արցախում ռուսական զորախումբը օկուպացիոն ճանաչելը։

Advertising

Արդեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի ռուսներին։ Մոսկվան ու Բաքուն շահավետ տարբերակներ են փնտրում։ Օրերս, օրինակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկվում է Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների զորքերի առկայության հնարավորությունը։ Հիշեցնենք, որ բացի Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ՄԽ անդամ են նաև Թուրքիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Իտալիան և Շվեդիան։ Թուրքիան վաղուց էր փորձում խցկվել արցախյան կարգավորման մեջ, և այդ ձգտմներին ակնհայտորեն աջակցում են Մոսկվան և Բաքուն։

Անցած շաբաթ Հայաստան էր ժամանել ԵՄ անվտանգության, պաշտպանական քաղաքականության և ճգնաժամային արձագանքման եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությունը, որի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերը անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման գործում։ Անդրադարձ է եղել նաեւ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն օրերին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Բերձորի միջանցքի մոտ տեսանելի են ԵՄ դիտորդները։ Թեեւ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ նրանք գտնվել են միջանցքից 1,2 կմ հեռավորության վրա, սակայն դա նշան է, որ դիտարկվում է Արցախում եվրոպացի դիտորդների ներկայության հարցը։

Անցած շաբաթ Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը եւ Փաշինյանի հետ քննարկել «տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»։

Բացի այդ, տեղեկություն եղավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ։ Այս մասին հայտարարել է Security Council Report վերլուծական հետազոտական ​​կենտրոնը՝ ընդգծելով, որ քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչության առաջարկով։

Քննարկում եղե՞լ է ՄԱԿ-ում, ի՞նչ է որոշվել, ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք արդեն իսկ խափանել են Արցախի հարցի երկու քննարկում ՄԱԿ-ում։ Այս ֆոնին, Չինաստանի դեսպանի հետ Հայաստանի գլխավոր շտաբում խաղաղապահության հարցերի քննարկումը նշանակո՞ւմ է, որ Չինաստանը նույնպես հանդես է գալիս Ռուսաստանի «խաղաղապահներին» ՄԱԿ-ի մանդատ տալու օգտին։

Անդրկուլիսային քննարկումները, որոնք երբեմն ջրի երես են դուրս գալիս, վկայում են այն մասին, որ քննարկվում է ռուսական զորքերի դուրսբերման և դրանք միջազգային ուժերով փոխարինելու խնդիրը։