Դավիթ Բաբայանի անհապաղ հրաժարականը



Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Բաբայանը շարունակում է սփռել ռուս «խաղաղապահներին միջազգային մանդատ շնորհելու» քարոզչությունը։ «Եթե չլիներ ՌԴ խաղաղապահ առաքելությունը, Արցախը վաղուց կործանվել էր: Խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ուժեղանա: Հետևաբար նախևառաջ պետք է ավելանա թվաքանակը: Երկրորդը՝ նրանք պետք է ստանան միջազգային մանդատ:

Advertising

Սա կնշանակի, որ նրանք պետք է խաղաղապահ առաքելության հետ մեկտեղ ունենան նաև խաղաղությունը պարտադրելու լիազորություն՝ ինչպես եղել է Կոսովոյում, Բոսնիայում: ՌԴ խաղաղապահներն այդ լիազորությունը չունեն, դրա համար պետք է լինի միջազգային մանդատ»․ սրանք մեջբերումներ են Բաբայանի այսօրվա ճեպազրույցից։

Երեւանի եւ Ստեփանակերտի վարչակազմերը, ռուսանպաստ քաղդասն ու մամուլը Բերձորի միջանցքի փակումից հետո սաստկացրել են այս քարոզչությունը Մոսկվայի հրահանգով։ Մանդատի հարցում Ռուսաստանի շահագրգռվածության պատճառներին եւ այն ստանալու միջոցներին, այդ թվում Արցախի շրջափակումը, բազմիցս անդրադարձել ենք, կրկնելու կարիք չկա։ Նշենք միայն, որ Բաբայանի ու մյուսների «հիմնավորումներն» արդեն իսկ վկայում են այն մասին, որ ռուսները նաեւ սպառնացել են անդառնալի հետեւանքներով։

Advertising

Դժվար է հավատալ, որ Բաբայանն ու մյուսները չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Հիմա նույնիսկ փակ աչքերով ու փակ ականջներով է տեսանելի ու լսելի ամեն ինչ։ Բայց սա հարցի մի կողմն է։ Սփռելով ռուսների պահանջներն ու սպառնալիքները, տեղեկատվական ու հոգեբանական համապատասխան ֆոն ու ալիբի է ապահովվում ռուսների համար, որ նրանք հետո ասեն՝ տեսա՞ք, ՄԱԿ-ը մանդատ չտվեց, մենք էլ չկարողացանք կանխել․․․ մանրամասնելու կարիք չկա, թե ինչը։

Ռուսաստանը մանդատ չի ստանալու, ոչ էլ ստանալու դեպքում փոխելու է իր ծրագրերն ու մտադրությունները։ Զինվորականների քանակն այստեղ կապ չունի։ Դա, Բաբայանի բառով ասած՝ ածանցյալ է ոչ թե մանդատից, այլ ՌԴ իրական մտադրություններից։ 200 հազարանոց զորքը Ուկրաինա մտցրած Ռուսաստանին մանդա՞տն է խանգարում Ալիեւի քնձռոտ վարչակազմի դեպքում։ Հետեւեք ռուս պաշտոնյաների ու պաշտոնական պրոպագանդիստների այս օրերի հայտարարություններին, եւ ամեն ինչ պարզ կդառնա։

Աղետը կանխելու մի ձեւ կա՝ համարժեք քաղաքական գնահատականները, պատասխանատվության հստակ սահմանումը եւ պայքարի վճռականությունը։ Թշնամին իր առջեւ պետք է տեսնի ոչ թե ինչ որ մեկի ածանցյալի՝ ամոթալի գործառույթներ կատարող, այլ ինքնիշխան որակներով առաջնորդվող հանրության ու ղեկավարների։