Ռուսաստանը կստանա՞ ՄԱԿ-ի մանդատ Արցախում․ Կարևոր տեղեկություն



Մինչ միջազգային համայնքը հասցեական հայտարարություններ է անում Բերձորի մայրուղու արգելափակման մասին, իսկ ՌԴ-ն՝ խուսափում նման գնահատականներից, հայկական կողմից դեռ շարունակում են հնչել ռուս «խաղաղապահներին» ՄԱԿ-ի մանդատով օժտելու պահանջներ, հիմնավորելով, թե իբր այդ դեպքում նրանք կկարողանան ուժ կիրառել։

Advertising

Բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին, թե ինչու է Ռուսաստանին պետք այդ մանդատը, ինչու է շրջափակել Արցախը եւ ինչ է ծրագրել այս փուլում՝ ճանապարհը Բաքվի վերահսկողությանը հանձնելով։ Պարզ է, որ ռուս «խաղաղապահներին» մանդատ չեն տալու։ Լավ է դա, թե վատ, ճիշտ է, թե սխալ, քաղաքականության տեսակետից անիմաստ հարցադրումներ են։ Չեն տալու մի շարք ակնհայտ եւ ոչ այնքան տեսանելի պատճառներով, որոնք բխում են աշխարհքաղաքական զարգացումների տրամաբանությունից, Ռուսաստանի՝ միջազգային համայնքից վտարյալի խորացող կարգավիճակից, ռուսական նախաձեռնությունների ապալեգիտիմացման քայլերից եւ այլն։

Դա վերաբերում է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ «հետպատերազմյա կարգավորմանը»։ Միջազգային առաջատար համայնքը այդ հայտարարության հաջորդ օրն է հայտարարել, որ դա չի համարում կարգավորում, իսկ Ռուսաստանը չի համարվում անկողմնակալ իրավարար եւ ընդունակ չէ լինել միջնորդ։ Միջազգային հանրության քայլերը բխում են այս գնահատականներից։

Advertising

Խնդիրն այլ տեղ է՝ Հայաստանի, հայկական քաղաքական դասի ու զլմ-ների, հայ հանրության մեջ՝ նոր գործընթացներում նախաձեռնությունների ու առաջարկների, քաղաքական դերակատարության ստանձնման, սեփական իրավունքների ու շահերի պաշտպանության ունակության մեջ։ Ինչ է տեսնում միջազգային հանրությունը՝ այս ամենի լիակատար բացակայություն, այն էլ՝ եռակողմ հայտարարությանը հավատարմության հիմքով։ Տեսնում է մի խորհրդարան, որը կազմվել է այդ նույն հիմքով եւ զբաղված է եռակողմ հայտարարության շահառուների կամակատարությամբ եւ նրանց շահերի սպասարկմամբ, ընդ որում՝ ամենատգեղ ձեւերով։ Տեսնում է նույն միջազգային համայնքի նախաձեռնությունների տապալում՝ կրկին ամենատգեղ ձեւերով։ Տեսնում է, որ այդ խորհրդարանը չի քննարկում օրինակ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Արցախի կարգավիճակի, վերամիավորման, դեօկուպացիայի եւ այլ հիմնարար խնդիրները։

Իշխանության «խաղաղության օրակարգը» եւ խորհրդարանի ընդդիմության՝ «մենք դա ավելի լավ կանենքը» քաղաքական հայեցակարգեր ու դերակատարության հայտեր չեն, այլ օտարի օրակարգը սպասարկելու ողորմելի․․․

Տեսնում է, որ այս օրերին պաշտոնական ատյանների հայտարարություններում, հանրային նախաձեռնությունների ակցիաներում իսպառ բացակայում են քաղաքական պահանջները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի ճանաչման, այլ միայն՝ հումանիտար ճգնաժամի խնդիրը։

Սա է տեսնում միջազգային համայնքը, որն ակնհայտորեն մերժում է իր նստուկով ռուսներին լավություն անելու հայկական «իսթեբլիշմենտի» մանր նենգաժոռությունները։

Սա է իրավիճակը, ընդունենք, թե ոչ։ Խնդիրը մեր մեջ է, մեր համարժեքության, արժանապատվության, մեր պետական գոյության անհրաժեշտությունը միջազգային դերակատարությամբ հաստատելու ունակության մեջ։ Ամենապարզ քայլը խորհրդարանում համապատասխան որոշումների ընդունումն է, ինչը անկումը կանգնեցնելու եւ իրավիճակը շրջելու հնարավորություններ է բացելու։