Մոսկվան խոսեց. Արցախի ծանր բեռը Պուտինի ուսերին է



Բրյուսելը, Վաշինգտոնն ու Փարիզը Ադրբեջանին կոչ էին արել բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ կանխելու համար մարդասիրական աղետը։

Չորրորդ օրն է, ինչ «բնապահպաններ» ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում ճանապարհը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյից նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով Արցախին մատակարարվող գազն է անջատվել։ Ստեփանակերտն այսօր հայտնեց, որ վառելիքի պակաս կա, ուսումնական հաստատություններում էլ դասերը դադարեցվել են։

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ արեց վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Գրառումը «Թվիթեր»-ում հրապարակեց Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», — նշել է Փրայսը։


Պաշտոնական Վաշինգտոնի այս կոչն՝ ադրբեջաներեն ու անգլերեն իր էջում զետեղել է նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Ավելի ուշ ամերիկացի պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում էլ խոսեց խնդրից՝ հայտարարելով, որ տեսել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների խափանումների մասին հաղորդումները, խաղաղ բնակչությանը թիրախավորելն անընդունելի են համարում։ «Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի, հատկապես, երբ ձմեռային ամիսներ են: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը», — ընդգծել է Նեդ Փրայսը։

Եվրամիությանը ևս մտահոգել են Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու մասին հաղորդումները: Բրյուսելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության գրասենյակի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն։

Ավելի կոնկրետ էր պաշտոնական Փարիզը՝ կոչ անելով Բաքվին առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Իսկ ճանապարհը, ըստ Արտգործնախարարության, «փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ` Ռուսաստանի խաղաղապահները, որոնք ժամանակավորապես են տեղակայված Ադրբեջանի տարածքում»:

Մինչ Բաքուն պնդում է, թե ցուցարարները «քաղհասարակության ներկայացուցիչներն ու բնապահպաններ են», Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հայտարարում են՝ «անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Իսկ հավաքի մասնակիցների մեծամասնությունը պետական ֆինանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպություններից» են»։

Քրիստինե Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը հայտարարել են՝ Ադրբեջանի նպատակն է հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայերին։ Պաշտպանները դիմել են միջազգային դերակատարներին՝ դիվանագիտական ջանքերով Արցախի շրջափակումը դադարեցնելու, իսկ գազամատակարարումը վերականգնելու կոչով։

«120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը», — ասված է հայտարարությունում։ Արցախի օմբուդսմենն այսօր նաև ՄԱԿ-ի գրասենյակի առջևից է ուղերձ հղել. «Ես Արցախի օմբուդսմենն եմ, որն այս պահին զրկված է տուն վերադառնալու իր իրավունքից։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև կանգնած ես պահանջում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից արձագանքել, քայլեր կատարել, արձանագրել մարդու իրավունքների կոպիտ խախտումները։ Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես յուրաքանչյուր ոք աշխարհում»։
Պատերազմից հետո Արցախում խաղաղապահ առաքելություն տեղակայած Մոսկվան լռությունը խախտեց միայն այսօր։ Հայաստանի իշխանություններն արդեն թափանցիկ ակնարկներով մի քանի օր աշխատեցին ընդդեմ ռուսական կողմի, դարձյալ Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցածի պատասխանատվությունը թողնելով Մոսկվայի ուսերին:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ահա այսօր հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։ «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», — հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի «կողմեր» ասելով։ Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։

Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետևեն»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի և անարդյունավետ է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, և շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։

Զախարովայի հայտարարությունում, իհարկե, բացակայում է Բաքվի հասցեին որևէ մեղադրանքի նոտան և իրավիճակի պատասխանատվության հեղինակը: Սակայն Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրից ավելին հնարավոր էլ չէ սպասել, քանի որ ՌԴ-ն հանդես է գալիս, որպես անկողմնակալ խաղաղապահ, որն իրականում իրավունք չունի ոչ զենք կիրառել, ոչ էլ պատժել որևէ կողմի:

Պարզ է մի բան՝ Արցախցիների անվտանգության, պաշտպանության ծանր բեռը հենց ռուս խաղաղապահների ուսերին է, իսկ Հայաստանի գործող իշխանությունը սա գիտակցելով հանդերձ՝ շարունակում է քննադատել ՌԴ-ին՝ սեփական անգործությունը թաքցնելու նպատակով:

Մետաքսյա Շալունց

Հաստատ քեզ դուր կգա