Բերձորի մայրուղուն փորձարկվեց ու հաստատվեց ներխուժման սխեման․



Բաքվի զլմ-ները հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակած «ցուցարար-բնապահպանները» մի շարք պահանջներ են ներկայացրել՝ Լաչինի ուղությամբ Բաքվի սահմանապահ ծառայության առանձին անցակետեր տեղադրել, Արցախում Բաքվի պետական մարմինների վերահսկողություն հաստատում, «խաղաղապահների պատախանատվության գոտում» Բաքվի պետական կառույցների «վերականգնում, այդ թվում՝ ՆԳՆ, Պետական սահմանապահ ծառայություն, Պետական մաքսային ծառայություն։

Ավելի վաղ մի քանի հրապարակումներով նշել էինք, որ ճանապարհը փակելու Մոսկվայի ու Բաքվի գործողությունը նպատակ ունի Բաքվի վերահսկողությանը հանձնել Բերձորի միջանցքը եւ ապահովել Բաքվի համապատասխան մարմինների ներկայացուցիչների ազատ մուտքը ռուսների բացառիկ իրավասության տակ գտնվող ճանապարհ եւ Արցախի տարածք։ Ըստ էության, ճանապարհի վերահսկողության ու անցակետերի խնդիրը լուծվել է (ռուսներն արդեն մոդուլային անցակետեր են տեղադրել)։

Կասկած չկա, որ «ակտիվիստների ճանապարհ փակելու» սխեմայով տեղի կունենա նաեւ մյուս խնդրի լուծումը։ Ասենք, հազարավոր «ակտիվիստներ», իրականում՝ ուժայինների ներկայացուցիչներ երթով շարժվում են Ստեփանակերտ, «խաղաղապահները» նրանց չեն կանգնեցնում։ Մանրամասները չնկարագրենք՝ ճանապարհի օրինակով բոլորը կարող են պատկերացնել։


Այսպիսով, կիրականանա «խաղաղ համակեցության ապահովման» Լավրովի հայտարարությունը։ Զուր չէր «բնապահպաններից» մեկը աղավնին խեղդելով խոսում հաշտության ու խաղաղության մասին։ Ով է ասում ճանապարհը փակ է՝ թող գան անցնեն, դեղերն ու սնունդը վերջացե՞լ են՝ կբերենք, ինչ հումանիտար ճգնաժամ՝ կհակադարձի ու արդեն ասում է Բաքուն։

Ընդ որում, Արցախով սա չի սահմանափակվելու, այս մեխանիզմը կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում (տես այստեղ)։ Օրինակ, Սեւանի ափ, Գորիս, Կապան եւ այլն։ Եվ Երեւան։ Սա զինված ներխուժումներից հետո առավել մասշտաբային ու «անշառ» գրոհ է Հայաստանի դեմ։ Ո՞վ է առնելու ցապառների ցեղախմբի դեմը։

Քպ-ական իշխանությունը կամ չի պատկերացնում այս իրողությունները, կամ գործում է թշնամական տանդեմի հետ համաձայնեցված, մեկը մյուսին չի խանգարում։ Փաշինյան-Միրզոյան զույգի՝ ՄԱԿ-ում ու կառավարության նիստում ողորմելի ելույթները դրա վկայությունն են, եռակողմ հայտարարության խախտումներին հղումներով ու միջազգային հանրությանը կոչերով։ Եռակողմ հայտարարությանը հղումը միանգամից փակում է միջազգային հանրության առարկայական միջամտության հնարավորությունը՝ սա լավ գիտե այս զույգը եւ անում է գիտակցաբար, հակառակ պարագային՝ նվազագույնը քննարկման կդներ այն չեղարկելու հարցը՝ Մոսկվայի ու Բաքվի խախտումների հիմքով։

Նույն տրամաբանության մեջ են Հայաստանից այս օրերին հնչող հայտարարություններն ու ակցիաները։ Դրանցում չկա ամենակարեւորը՝ քաղաքական հստակ պահանջներ, տվյալ դեպքում կապված Արցախի քաղաքական կարգավիճակի, դեօկուպացիայի, միջազգային խաղաղապահ առաքելության վերաբերյալ (հանուն արդարության՝ նշենք Արտակ Բեգլարյանի ելույթը, որը պարունակում էր նման պահանջներ)։

Ելքը հենց քաղաքական պահանջներն են, ՀՀ խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումն այդ պահանջների վերաբերյալ, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Գյումրիի բազայի դուրսբերման հարցերի քննարկումները, ինչպես նաեւ հայտարարություն՝ վերը նկարագրված ներխուժման սխեմայի կասեցման վճռականության մասին՝ զորաշարժ, բնակչության զինում։ Բերձորում ռուսներն ու Բաքվի էմիսարները նախադեպ են ստեղծել, այն պետք է խեղդվի տեղում։

ՀՀ իշխանությունը խուսափում է այս քայլերից, խուսափում են խորհրդարանական մյուս ուժերը, հանրային տարբեր խմբերը։ Զլմ-ներն ու փորձագետները գերակշիռ մեծամասնությամբ զբաղված են դատարկաբանությամբ ու թշնամական թեզերն արմատավորելով, կամա թե ակամա՝ էական չէ։

Աղետը կարելի է կանխել եւ իրավիճակը շրջել խորհրդարանում այդ որոշումների կայացմամբ եւ դիմադրության հստակ ազդակներով։ Ժամանակը սպառվում է։