Ռուսաստանը վերջնական հարվածն է նախապատրաստում Հայաստանի դեմ․ Ահա թե ի՞նչ տեղեկություններ են հայտնի դարձել



Այսօր տեղեկություն եղավ, որ Ռուսասոտանը մտադիր է Սիրիայից հանել իր ռազմավարական զենքի մի մասը եւ տեղափոխել Ուկրաինա, եւ խնդրել է Իսրայելին չխոչընդոտել այդ գործընթացին։ Թուրքիան տեւական ժամանակ օդային հարվածներ է հասցնում Սիրիային ու Իրաքին եւ հայտարարել է ցամաքային գործողության մտադրության մասին։ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցությունների մեջ են Սիրիայի հարցով, Կրեմլը հայտարարում է Թուրքիայի ցամաքային գործողության իրավունքի մասին՝ «ահաբեկիչներից պաշտպանվելու համար», միեւնույն ժամանակ անհամաձայնություն հայտնելով ցամաքային գործողության որոշ խնդիրների հանդեպ։

Սիրիայի եւ Հայաստանի դեմ Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Իսրայելի համակարգված գործողություններին, այդ գործողությունների՝ միմյանց հետ կապվածության խնդրին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Ռուսաստանի մեթոդները Սիրիայում եւ Հայաստանում նույնական են։ Այս սխեմային հանգամանալից անդրադարձել է Եզերքը մեկ տարի առաջ․ «Սիրիայի հարավ-արեւմուտքում Ռուսաստանի արածը մարտավարական իմաստով նույնական է հրադադարից հետո Հադրութի եւ Շուշիի հայկական դիրքերը Բաքվին հանձնելուն եւ պատանդառության համար պայմաններ ստեղծելուն: Նույնական է նաեւ ռուսական դեսպանության «ռեգիոնալ» ակտիվությունը Սյունիքում [1]։ Սահմանամերձ Դար’այի շրջանում Ասադի դեմ զորք հանած Ռուսաստանը կատարում է իր ռազմավարական պարտավորությունը Իսրայելի առջեւ: Գոլանի բարձունքները արդեն իսկ Թել-Ավիվին նվիրած [2] Կրեմլը ձեռնամուխ է սահմանին հրեական պետության շահերը պաշտպանող խամաճիկային լրացուցիչ բուֆեր ստեղծելուն: Մինչ այդ, սիրիական Իդլիբի վերաբերյալ իրացվել է ՌԴ նախագահի պարտավորությունը Թուրքիայի առջեւ, որը ներառում էր Ասադի բանակի 2020 աշնանային ազատագրական գրոհի արգելումը, թուրքական բանակի միավորումների տեղափոխումը Սիրիայից դեպի Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Կարս եւ դեպի Արցախ հազարավոր ահաբեկիչ վարձկանների հոսքի ձեւավորումը [3]:

Առավել ուշագրավ է, սակայն, ազգային արաբական պետականության կազմալուծման մեթոդաբանությունը, որ Մոսկվան փորձարկված է հիմա Սիրիայում: Ռուսական հիբրիդային ճնշման «եռաստիճան սանդղակը» [4] հարազատ ձեւով կիրառվում է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում՝ հայկական ուժային ներկայությունը սահմանափակելու նպատակով:


Տիպական «սանդղակին» դեռ կանդրադառնանք, հիմա ասենք միայն, որ առավելագույն, երրորդ աստիճանը ենթադրում է հակակառավարական տեղական, ռեգիոնալ սեպարատիզմի օջախների ստեղծումը: Սիրիայի եւ Իսրայելի սահմանային շրջանում քաղաքացիական պատերազմը շարունակվում է: Յուրահատկությունն այն է, որ մեկ կողմը Ասադն ու իրանական ուժերն են, իսկ մյուսը ռուսական անմիջական հրամանատարության ներքո գտնվող ահաբեկչական միավորումները: Մոսկվան, ահաբեկչական ուժի գործադրումով, Դամասկոսին խոչընդոտում է իրականացնել իր պետական սահմանի տիրապետումը՝ ձեւավորելով սեփական վերահսկողության տակ անցած ծակոտկեն սահման»:

Այս ընդարձակ մեջբերումն անում ենք՝ առավել հասկանալի դարձնելու Հայաստանի Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի զորքերի հարձակումների ու ներխուժումների, ռուսական սահմանային տեղակայումների, հայկական պաշտպանական դիրքերի ոչնչացման եւ այդ շրջանները վերահսկողության տակ վերցնելու մեխանիզմը։ Սիրիայում ու Հայաստանում Մոսկվան գործում է իր պրոքսի ահաբեկիչների՝ սիրիական եւ մերձկասպյան արեւմուտքի բաշիբոզուկների թիկունքում, թեեւ արդեն դա չի հաջողվում։

Ռուսաստանի ռազմավարական նպատակն անխուսափելի նահանջից առաջ Սիրիայի եւ Հայաստանի պետականության վերացումն է եւ թուրքերին հանձնելը։ Սակայն, եթե նախագահ Ասադը փորձում է Իրանի ու ԱՄՆ-ի աջակցությամբ չեզոքացնել ռուսական ծրագրերը, ՀՀ իշխանությունն ու նրա խորհրդարանական հենակները ոչ միայն նման փորձեր չեն անում, այլեւ ստանձնել են հայկական հնարավորությունների չեզոքացման ագենտուրային պարտավորությունը՝ նոյեմբերի 9-ի թղթի, Սոչիի կլոունադայի եւ ՀԱՊԿ-ից ակնկալիքների միմոսությունների շրջանակում։

Արցախում վերջին օրերի իրադարձությունները մոսկովյան ծրագրերի արագացման ազդակներն են։ Մոսկվան ու Բաքուն ներկայում ակտիվացրել են քննարկումներն ու կոնկրետ քայլերը «հաղորդակցությունների բացման» ուղղությամբ, որը ենթադրում է նաեւ միջանցքների հարցը։ ՌԴ նախագահի աշխատակազմի էմիսարները շտապ ուղարկվել են Բաքու եւ ՀՀ Սյունիքի մարզ։ Բաքուն եւ Թուրքիան զորավարժություններ են սկսել Բաքու-ՀՀ հարավային սահման գծով, թուրք ռազմական հրամանատարությունը մեկնել է Բաքու։

Արեւմտյան պատժամիջոցների սաստկացման եւ շրջանում արեւմտյան նախաձեռնությունների ակտիվացման, ինչպես նաեւ Իրանի կոշտ դիրքորոշման պայմաններում Մոսկվան ջղաձիգ շարժումներ է անում պատժամիջոցները շրջանցելու գորշ սխեմաների ու հաղորդակցությունների արագ բացման ուղղությամբ՝ ՀՀ ինքնիշխանությունը վերացնելու ճանապարհով։

Սիրիայում Թուրքիայի հետ անհամաձայնությունը «փոխհատուցվում» է Հայաստանում համաձայնությամբ, ինչպես միշտ։ ՌԴ-ն չի վարանելու նաեւ ուղիղ հարվածներից, Բերձորը հանձնելուց հետո ՌԴ-ն Հայաստանի դեմ գործում է ուղիղ, իր դեմքով։ Դրա վկայությունն էր նաեւ Սյունիքի մարզի օտարման ու «սեպարատիզմի» մոսկովյան մեխանիզմի պտուտակի՝ «սյունյաց կուսակցության» փաստացի լուծարումը։

ՔՊ-ական իշխանության ու նրա հենակ «ընդդիմության» միմոսությունների ժամանակը սպառվել է։ Բալագանի ու նողկալի «բանավեճերի» մեջ հնարավոր չէ թաքցնել հետեւյալ իրողությունը՝ ռուս-թուրքական պլանները կարելի է խորտակել Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիայի համարժեք գնահատականով եւ հայկական իրավունքների հիմքով խորհրդարանի որոշումներով, ինչից այս խմբերը խնամքով խուսափում են։ Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում։