Ադրբեջանի ճեղքման նոր փորձը.



Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի «պատճառաբանությունը» եղել է բնապահպանական: ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ: Փաստորեն, արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Սա Ադրբեջանի համար քաղաքական լայն խնդիր և ուղղություն է, Բաքուն պատերազմին և այդ եռակողմ փաստաթղթին հաջորդող երկու տարում հետևողականորեն ձգտում է այդ փաստաթղթի իրավա-քաղաքական չեզոքացման, ստեղծելով նախադեպեր:

Advertising

Ռուսաստանը, որ փաստաթղթի երեք կողմերից մեկն է, գործնականում չունի բավարար հակադարձման կամ ցանկություն, կամ կարողություն: Կամ, Ռուսաստանը չունի թե կարողություն, թե ցանկություն, որը զգալիորեն պայմանավորված է նաև կարողության բացակայությամբ, ինչն էլ իր հերթին ունի իր պատճառները: Մենք զգում ենք այդ ամենի հետևանքը: Այդ հետևանքի ծանրությունից խուսափելու համար հայկական կողմը, մասնավորապես եռակողմ հայտարարության երրորդ կողմը՝ Հայաստանի հանրապետությունը փնտրում է այլ լուծումներ, այլընտրանքներ, մասնավորապես միջնորդական այլ առաքելություններում: Ամբոջղ խնդիրը այն է սակայն, որ այդ միջնորդական առաքելությունները պարունակում են ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի շահն արտահայտող առաջարկներ:

Ավելին, այդ միջնորդական նախաձեռնւթյունները, մասնավորապես վաշինգտոնյան նախաձեռնությունը, կարծես թե ունի բոլորովին այլ տրամաբանություն, քան նոյեմբերիննյան եռակողմ փաստաթղթով սկզբնավորված գործընթացը: Այդ կերպ ստացվում է, որ առնվազն այդ մասով «այլընտրանքային նախաձեռնությունները» նպաստավոր են Բաքվի համար և թույլ են տալիս չեզոքացնել նոյեմբերի 9-ը՝ որպես հետպատերազմյան իրավիճակում Բաքվի միակ պարտավորագիր, Ադրբեջանին որոշակի պարտավորության առաջ դնող, Բաքվի համար որոշակի պարտավորություն սահմանող միակ փաստաթուղթ:

Advertising

Միևնույն ժամանակ, չկա նաև նախապատերազմական «պատմության» վերադարձի ամրագրում: Այդպիսով ստացվում է, որ այլընտրանքային միջնորդական նախաձեռնությունները երաշխավորված չեզոքացնում են նոյեմբերի 9-ը, բայց չեն պարունակում որևէ նոր իրավիճակի այնպիսի երաշխավորվածություն, որը պարտավորությունների առաջ է դնում Ադրբեջանը: Խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսվում է, այդպիսին չէ, քանի դեռ որևէ կերպ չկա դրա իրագործման կամ պահպանման երաշխիքների հստակ նշմարում: Հատկանշական է, որ Բաքուն Լաչինի միջանցքի հանդեպ, և գործականում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հանդեպ սադրանքի գնում է այն շրջանում, երբ ռեգիոնում է Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերը, որը օրերս Բաքվում էր, հետո Թբիլիսիում, իսկ այցն ավարտեց Հայաստանում:

Սադրանքը այս անգամ ռազմական չէր, «բնապահպանական» էր, սակայն այստեղ խորքային խնդիրը հենց այն է, որ բուն թիրախում նոյեմբերի 9-ի իրավա-քաղաքական չեզոքացումն է, ու ըստ այդմ առանձնակի ուշադրության է արժանի և այն, որ Ադևրբեջանը «առաջ է քաշում» նոր գիծ՝ «բնապահպանությունը», որն անկասկած ունի եռակողմ այդ փաստաթուղթը և դրանով սահմանված «շփման գիծը» քաղաքական առումով ճեղքելու նպատակադրում: Երևանն ու Ստեփանակերտը պետք է մտածեն այդ առումով «դիրքերը» պահելու մեխանիզմների մասին: