S&P Global Morgan Stanley հանրահայտ վերլուծական կենտրոնների հաշվարկի համաձայն, Հնդկաստանի տնտեսությունը 2030 թվականին իր ծավալով կդառնա աշխարհում երրորդը՝ ԱՄՆ և Չինաստանի տնտեսություններից հետո: Իհարկե այդ հեռանկարի համար, ըստ հեղինակավոր վերլուծաբանների, Հնդկաստանը պետք է շարունակի տնտեսության ռեֆորմացիան, ենթակառուցվածքային ներդրումները, ներդրումները մարդկային կապիտալի մեջ, սակայն տնտեսությունն ըստ նրանց ունի շոշափելի աճի բոլոր նախադրյալներն ու 2030-ին համաշխարհային տնտեսության մասշտաբում երրորդը դառնալու հնարավորությունը:
Այս հանգամանքը չաազանց կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով հայ-հնդկական հարաբերության պատմությունն ու հատկապես վերջին շրջանում երկուստեք հետաքրքրությունն ու աշխատանքը: Այն իհարկե պետք չէ իդեալականացնել, կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, խութեր, սակայն գործնականում թերևս չկա կասկած, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն ընդհանուր շահի և հետաքրքրություններին ընդհուպ ռազմավարական հենք, ըստ այդմ դրա վրա նաև ամուր փոխհարաբերություն կառուցելու հեռանկար: Այստեղ սակայն, հայաստանյան հանրային-քաղաքական միտքը կենտրոնացած է առավելապես ռազմական, ռազմա-տեխնիկական գործակցության հանգամանքի վրա, մինչդեռ միջպետական երկկողմ հարաբերության հիմքը կարող է լինել տնտեսական կոոպերացիան, իսկ ռազմա-տեխնիկական, ռազմաարդյունաբերական ոլորտը դրա կարևոր բաղադրիչ և ինչ որ իմաստով թե գործիք, միջոց, թե արդյունք:
Ըստ այդմ, անհրաժեշտ է թերևս շոշափելի աշխատանք հայ-հնդկական տնտեսական օրակարգը հագեցնելու ուղղությամբ, որին պետք է ներգրավել թե հայաստանյան ներուժը, թե նաև այդ օրակարգով շահագրգռված արտաքին այլ գործընկերների, փորձելով ընդլայնել «կոոպերացիայի» հանդեպ հետաքրքրության շրջանակը:
Այստեղ առաջիններից մեկը իհարկե Իրանն է, միաժամանակ նաև պետք է թերևս փորձել օգտագործել երկու այլ ուղղություն՝ Հայաստանը որպես դեպի ԵԱՏՄ շուկա Հնդկաստանի հնարավոր ուղիներից մեկը, իհարկե այստեղ լուրջ մրցակից է լինելու Ադրբեջանը, և իհարկե Հնդկաստանի համար ուղի դեպի եվրոպական շուկա, որտեղ սակայն լուրջ «մրցակից» է այն ռազմա-քաղաքական իրավիճակը, որ առկա է ուկրաինական պատերազմի հետևանքով ամբողջ սևծովյան ավազանում, ինչն ըստ էության նաև դարձել է թերևս Պարսից ծոց-Սև ծով օրակարգի հարցում Բուլղարիայի և Հունաստանի արձագանքի «առկախման» պատճառ:
Համենայն դեպս շաբաթներ առաջ Հայաստանի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրեկլ այդ երթուղու վերաբերյալ համաձայնագիրը և սպասում է Աթենքի ու Սոֆիայի արձագանքին: