Արցախցի հասարակական գործիչ Սերգեյ Շահվերդյանը գրել է․
«Տեղեկատվական շտաբից ուրախությամբ հայտնեցին, որ բանակցությունների արդյունքում կյանքի ճանապարհը բաց է։ Միայն թե չասացին՝ ինչ գնով։ Փոխարենը, այդ մասին հայտարարեց ադրբեջանական կողմը՝ այդ երկրի էկոլոգիայի նախարարության ներկայացուցիչները գնացել են խաղաղապահ կոնտինգենտի շտաբ՝ շարունակելու քննարկել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքի կազմակերպման հարցը՝ «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» բնապահպանական իրավիճակը վերահսկելու համար։
Որևէ բանակցությունների անհնարինությունը հայտարարելու և ճանապարհի անվերապահ ազատում պահանջելու և այս աղաղակող փաստը միջազգային ասպարեզում օգտագործելու փոխարեն, Արցախի իշխանությունները և խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը փաստացի քարտ բլանշ են տվել դրված նպատակներին հասնելու համար օգտագործել ճանապարհի գործոնը»։
Ավելացնենք, որ ըստ Բաքվի բնապահպանության նախարարության հաղորդագրության՝ «Խաղաղապահ ուժերի շտաբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի պատրաստում՝ Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության եւ համապատասխան այլ կառույցների մասնակցությամբ՝ տարածքում նշված ուղղություններով աշխատանքներ իրականացնելու համար»,
կապված «Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ապօրինի տնտեսական գործունեության շրջանակներում օգտակար հանածոների անօրինական շահագործման, ինչպես նաեւ բնապահպանական եւ այլ հետեւանքների հետ»։