Հերիքյանը, չլսելով հարցը, ասաց՝ երեկոյան կանդրադառնան Կառավարության շենքի պատի մեջ «բոլտ» մտցնող օպերատորի տեսանյութին



Քիչ առաջ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում 5-րդ ալիքի օպերատորը Կառավարության շենքի պատերից մեկի մեջ մտցնում է պտուտակ, այնուհետև մոտենում տեսախցիկին ու նկարում այն:

Advertising

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «5-րդ ալիքի» լուրերի խմբագրի հետ՝ մեկնաբանություն ստանալու:

Հերիքյանը, դեռ չլսած մեր հարցը, հայտնեց, որ իրենց օպերատորն արդեն այս թեմայի մասին խոսել է՝ հավելելով, որ երեկոյան լուրերի թողարկման ընթացքում ևս անդրադարձ կկատարեն:

Advertising

Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում ՀԸ-ի օպերատորը, մեկնաբանելով իր արարքը, ասել է. «Ես հրապարակում կադրեր անելիս նկատեցի, որ էդ բոլտը պատի մեջ է։ Թե ով էր դրել պատի մեջ, ինչի համար էր դրել՝ ես չգիտեմ։ Որպես մարդ՝ հասկանալով, որ դա վնասում է շենքն ու էդ զարդանախշերը, ես հանեցի էդ բոլտը, բայց հետո մտքովս անցավ, որ պիտի կադրեր անենք, նորից դրել եմ տեղը, արել եմ կադրերը, հանել եմ էդ բոլտն ու դրել եմ կողքը»:

Շուրջ երկու օր է՝ համացանցում կադրեր են շրջանառվում՝ Հանրապետության հրապարակի շինություններից մեկի պատին ամրացված պտուտակի: Գործողությունը վերագրվում է Երևանի քաղաքապետարանին՝ շեշտվելով, թե այն արվել է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված զարդարանքների շրջանակներում: Սակայն Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները՝ ընդգծելով, որ տվյալ կադրերը կապ չունեն քաղաքապետարանի կատարած աշխատանքների հետ: Քաղաքապետարանը միևնույն ժամանակ հավաստիացրել է՝ եթե զարդարանքների հետ կապված առաջանան ճեղքեր պատերին, կվերանորոգվեն ոչ միայն դրանք, այլ նաև նախկինում եղած և չվերանորոգված ճեղքերը: