Պուտինն առաջին անգամ Ուկրաինայում ՌԴ կորուստների թիվ հայտնեց



Կրեմլը երեկ հերթական բեմադրությունն էր սարքել՝ Պուտինի հանդիպումը Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցների մայրերի հետ: Մասնակցել է 17 հրավիրյալ, զլմ-ները նույնացրել են նրանցից մի քանիսին, որոնք պարզվել է Եդինայա Ռոսիա իշխող կուսակցության կամ պրոկրեմլյան հկ-ների ֆունկցիոներներ են։ Կանայք բնականաբար աջակցություն են հայտնել Պուտինին, մինչ երկրով մեկ տեղի են ունենում զինվորականների մայրերի ու հարազատների բողոքի բազմաթիվ ցույցեր։ Տեսարանը սարքվել էր հենց այդ պատճառով՝ ցույց տալ աջակցություն Պուտինին։

Advertising

Սա այդ հանդիպման միակ ուշադրության արժանի հանգամանքը չէր․ Պուտինն իր խոսքում ուկրաինական ճակատներում ռուսական բանակի անձնակազմի կորուստները համեմատել է ճանապարհատրանսպորտային պատահարների և ալկոհոլիզմի հետևանքով մահացածների հետ հետեւյալ համատեքստում՝ մարդը մահկանացու է, մի օր բոլորս էլ մեռնելու ենք, ու ավելի լավ է ռազմաճակատում մեռնել, քան խմելուց կամ ավտովթարից, քանի որ այդ դեպքում ստացվում է, որ մարդ իզուր է ապրել:

Պուտինն այս համեմատությամբ փաստորեն ուկրաինական ճակատներում ռուսական բանակի անձնակազմի կորուստների թիվ էասել․ ըստ Պուտինի՝ ճտպ-ների հետեւանքով Ռուսաստանում տարեկան մահանում է 30 հազար մարդ, այդքան էլ՝ ալկոհոլիզմից։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ալկոհոլիզմից մահերի հստակ վիճակագրություն չկա, տարբեր տեղեկություններով՝ տարեկան 50 հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար։ Նշենք, 2022-ին ՌԴ-ում կտրուկ աճել է ալկոհոլային խմիչքների վաճառքը։

Advertising

Պուտինը, ըստ նրա ելույթներին ուշադիր հետեւող մասնագետների, հաճախ է Ֆրեյդով արտաբերում այն, ինչ մտքին է, կամ նախատեսված է։ Տվյալ դեպքում՝ ռուս ժողովրդին վիճակված է մեռնել կամ ալկոհոլիզմից, կամ ռազմաճակատում։ Սա իհարկե նոր «հավատամք» չէ, այլ՝ ռուսական կայսրության դարավոր դրվածքը։ Ինչպես ասում է հայտնի հետազոտող Բորիս Պաստուխովը՝ «մենք Ռուսաստանում հենց այնպես չենք ապրում, մենք միշտ պետք է ունենանք մի առաքելություն, հանուն որի կարելի է մեռնել»։

Երեկ այդ հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Պուտինը հրամանագիր է ստորագրել քաղաքացիների տվյալների պետական տեղեկատվական ռեսուրս ստեղծելու մասին, ովքեր կանգնած են զինվորական հաշվառման կամ պետք է կանգնեն։ Սա հաստատում է ռուսական ռեսուրսներում քննարկվող այն տեղեկությունը, ըստ որի՝ հունվարին Ռուսաստանում սպասվում է մոբիլիզացիայի երկրորդ ալիք։ Թեեւ Կրեմլը հայտարարում է, թե «մասնակի մոբիլիզացիան» դադարեցված է, սակայն Պուտինի համապատասխան հրահանգը չեղարկված չէ։ Ըստ ռուսական ռեսուրսներում տարածվող տեղեկությունների, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոբիլիզացնել մոտ 2 միլիոն մարդու, այդ թվում՝ կանանց։