Երևանի պատասխանը Բաքվին. Ֆրանսիան նոր քայլ է անում



Հայկական կողմը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպմանը և որևէ կերպ չի խաթարում դրա անցկացումը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության: Իսկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը պայման է դրել այդ հանդիպումը քառակողմ՝ նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ անցկացնելու համար, ինչը Բաքուն մերժել է: Երևանը ի պատասխան Ալիևի այդ հայտարարության պարզաբանել է, որ Բրյուսելում դեկտեմբերի  7-ին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հենց քառակողմ ձևաչափի հանդիպմանը, ըստ այդմ տրամաբանական է, որ այդ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությամբ հանդիպումը լինի հենց այդ ձևաչափով:

Advertising

«Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը՝ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Պետք է ենթադրել, որ քառակողմ ձևաչափի մասին Երևանի դիրքորոշումը անկասկած համաձայնեցված է Փարիզի հետ, այապես  կարող է ստացվել բավականին անհարմար պատկեր, եթե հանկարծ Փարիզից հնչի կարծիք, որ Ֆրանսիան ամենևին չի պնդում Բրյուսելի հանդիպմանն իր մասնակցությունը:

Միևնույն ժամանակ, Ալիևը նոյեմբերի 25-ին հայտարարել է, թե Ֆրանսիան այլևս չի կարող լինել միջնորդ: Իր գնահատականը նա «հիմնավորել» է Ֆրանսիայի նախագահի հայտնի հեռուստահարցազրույցում պատերազմի մասին արած հայտարարություններով, նաև Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևով, Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի՝ Հայաստանին աջակցող գնահատականներով:

Advertising

Ստացվում է որոշակի փակուղային իրավիճակ, որովհետև, եթե Բրյուսելի ձևաչափի ներքո տեղի ունենա հանդիպում առանց Ֆրանսիայի, ապա կստացվի, որ Երևանն է «նահանջել» իր դիրքից, իսկ այդ դեպքում հարց կառաջանա, թե ի՞նչ է ստացել դրա դիմաց: Եթե տեղի ունենա քառակողմ նոր հանդիպում, ապա կստացվի, որ նահանջել է Բաքուն, ըստ այդմ կլինի հարց, թե Ադրբեջանը ինչ է ստացել դրա դիմաց: Եթե Ֆրանսիան «ինքնակամ» դուրս է գալիս, ապա այդ դեպքում առաջանում է հարց, թե Փարիզն ինչու՞ է անում դա Բրյուսելի ձևաչափում «փակուղի» ստեղծելով, կամա, թե ակամա: Ո՞րն է լինելու Ֆրանսիայի հաջորդ քայլը:

https://www.1in.am/3195662.html