Ռուսական «սառը ցնցուղ»՝ Պուտինի այցից մեկ օր առաջ



«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան», — Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն ու Ռուսաստանը Հայաստանին ավելի եռանդուն՝ նախևառաջ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ հակամարտության հարցում։

Advertising

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Այս հակամարտությունում միայն մի կողմին աջակցելու դիրքորոշում որդեգրել, կնշանակի խորացնել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և աջակցել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչովը։

Ըստ ռուսաստանցի քաղաքական գործչի, Թուրքիան, օրինակ, սխալ է թույլ տալիս՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում մի կողմի դիրքորոշումն աջակցելով։ Երկու օրից կայանալիք ՀԱՊԿ նիստում պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երևանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։ Անդամ բոլոր երկրների ղեկավարները կժամանեն Երևան։

Advertising

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ին: Օգնություն մինչև հիմա չկա, ՀԱՊԿ-ը միայն իրավիճակը գնահատելու առաքելություն էր ուղարկել Հայաստան: Երևանը նաև հայկական տարածքների օկուպացիային հասցեական քաղաքական գնահատական է ակնկալում։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակը, փաստորեն հստակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան: Իսկ ՀԱՊԿ կանոնադրությո՞ւնն ինչ է ասում նման դեպքերի մասով, ռուսաստանցի պաշտոնյան հարկ չի համարել անդրադառնալ։

Չէ՞ որ Հայաստանը տևական ժամանակ է, ինչ հայտարարում է, որ ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը կտա քաղաքական գնահատական, այսինքն, կպահանջի, որ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան օկուպացված տարածքներից:
ՀԱՊԿ նիստից որևէ մեկը Հայաստանի համար մեծ անակնկալ չի սպասում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունեն:

Տպավորություն է ստեղծվում, որ հենց ՀԱՊԿ-ն իր պահվածքով Հայաստանին սադրում է, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգ բերի:

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Կրեմլը հաղորդել է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպման մասին։
Այս ընթացքում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով չեն թաքցրել դժգոհությունը ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։ Սոցիալական ցանցերում էլ որոշ նախաձեռնություններ ՀԱՊԿ նիստի զուգահեռ հայտարարում են «Ոչ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կոչերով բողոքի ակցիաների մասին։

Հիմա Պուտինի այցից ու ՀԱՊԿ նիստից առաջ փաստորեն, ռուս, բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ:

Մետաքսյա Շալունց