Ի՞նչ է նշանակում մատաղ բառը․ Ի՞նչպես մատաղ անել, ի՞նչ խորհուրդ ունի այն․․․

Մատաղը ողորմություն է, որը նախատեսված է աղքատներին ու կարոտյալներին բաժանելու համար:

«Ով պատվում է Աստծուն, նա ողորմում է աղքատին» Առակ. 14:31
«Եղեք գթասիրտ, ինչպես որ գթասիրտ է ձեր երկնավոր Հայրը» Ղուկ. 6:36
«Երանի նրան, որ խնամում է աղքատին, որովհետև դատաստանի օրը Տերը կփրկի նրան անսահման չարից» Առակ 14:21-22
«Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց»: Հակ. 2:13

Ս. Սահակ Պարթև Հայրապետի կանոնում գրված է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը հայոց ամբողջական դարձից հետո սահմանեց, որ անբան կենդանիներին կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն որպես ողորմություն բաժանեն աղքատներին:

Ս. Ներսես Շնորհալի Հայրապետը նշում է, որ Ս. Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած՝ մատաղ էին անում Տիրոջ Հարության տոնին, Տերունական և սրբերի տոներին՝ ննջեցյալների հիշատակի համար և որպես հոգեհաց բաժանում կարոտյալներին:

Ըստ Գրիգոր Տաթևացու մատաղ՝ նշանակում է «մատուցել աղ»:

Հաճախ անտեղյակ մարդկանց կողմից մատաղն այսօր նույնացվում է հին կտակարանյան զոհաբերության հետ, որը ճիշտ չէ: Այս զոհերն ընդունելի էին մինչև Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի, պատարագվելը խաչի վրա: Քրիստոսի զոհաբերությունից հետո կենդանիների զոհաբերությունները քրիստոնեության մեջ այլևս մերժելի են, ինչպես արեգակի ծագումից հետո ճրագի լույսը: Ուստի ակնհայտ է, որ մատաղը զոհաբերություն համարողը մերժում է Քրիստոսի արյամբ մեղքերից ազատագրվելը՝ փրկագործության խորհուրդը: Մատաղը մեղքերի թողության համար չէ, այլ ողորմության դրսևորման մի կերպ` հանուն աղքատների:

Մատաղի արարողակարգի համաձայն՝ քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, որը տալիս են կենդանուն՝ ուտելու, որպեսզի այն սրբվի աստվածային անեծքից (Ծնն.3)՝ վերստանա առաջին օրհնությունը (Ծնն. 1:22), ապա մորթում են, եփում և բաժանում աղքատներին ու կարիքավորներին: Մատաղացու կենդանուն  չի կարելի տանել եկեղեցի: Օրհնվում է միայն աղը:
Աղը մաքրության և անապականության օրինակ է, ինչպես Քրիստոս իր աշակերտներին է ասում. «Դուք եք երկրի աղը» (Մատթ. 5:13):

Մատաղն առաջին հերթին բարեգործություն է, ողորմության ու գթասրտության պտուղ և ոչ թե խնջույքի կամ գինարբուքի առիթ:

«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին…, այլ կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարենը քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. 14:12-14):

Այսօր ոմանք անգիտաբար մատաղացու անասունի արյունը քսում են իրենց ճակատներին, որն ըստ Ս. Ներսես Շնորհալու՝ արգելված է, որովհետև մեր բոլոր զգայարանները Քրիստոսի արյամբ օծվեցին, և Մկրտության ժամանակ Ս. Մյուռոնի կնիքը ստանալով մեր ճակատին՝ կարիքը չունենք այլ կնիքների և Վերջին դատաստանին այս կնիքով է, որ ճանաչվելու ենք (Հայտ. 9:4):

Մեծ պահքի շրջանում և պահոց օրերին մատաղ չեն անում: