Պեմզաշենում ոստիկանները կանխել են 31-ամյա կնոջն ու նրա անչափահաս երեխաներին առանձնակի դաժանությամբ սպանած Վ. Բ.-ի տան հրկիզումը. Կրքերը չեն հանդարտվում․ Ահա թե ի՞նչ իրավաիճակ է այս պահին Պեմզաշենում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են, որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։

Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։

Նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը;

Տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.1in.am/3193395.html